Իսկ մեռնելը կհետաձգեմ մի 30-40 տարի. նախարար
«Ես բավականին երկար ծխել եմ,սակայն հետո թողել եմ ծխելը: Իսկ մեռնելը կհետաձգեմ մի 30-40 տարի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ անդրադառնալով իր հասցեին գեներալ Սեյրան Սարոյանի այն խոսքերին, թե ծխելը թողած «առողջապահության նախարարը հաջողության մեջ մեռնում ա»:
Հարցին՝ արդյոք հասարակական վայրերում ծխելու համար սահմանված բարձր տուգանքները բյուջեն լցնելու միջոց չե՞ն, նախարարը պատասխանեց. «Եթե մենք էժանացնենք տուգանքները, դա պետբյուջեն լցնելու միջոց կլինի, որովհետև, եթե տուգանքը բարձր է, դա արգելելու միջոց է, եթե ցածր է, առևտրի առիթ է՝ մի քիչ փող տանք, որպեսզի կարողանանք ծխել: Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ուղիով: Մենք հանրությանն առաջարկում ենք ճանապարհ, և այն ճանապարհը, որ կընտրենք միասին, կլինի այն ուղեցույցը, որով կշարժվենք առաջ»,-իր տեսակետը պարզաբանեց Լևոն Ալթունյանը:
Ինչ վերաբերում է Մասիսի բժշկական կենտրոնում թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն հանձնելու աղմկահարույց միջադեպին, առողջապահության նախարարը նկատեց, որ սա նախարարության բացթողումը չէ:
«Մենք կարող ենք մարզերի բոլոր բուժհաստատությունների ցանկը նայենք, և դուք կտեսնեք, որ ճնշող մեծամասնսությունը կատարում է իր պարտականությունները՝ պատշաճ և անձնուրաց: Նախարարությունը ստուգումներ չի անցկացնում, ստուգումներ անցկացնում է տեսչական մարմինը՝ հաստատված պլանի համաձայն»,- ասաց Լևոն Ալթունյանը:
Իսկ իրեն դո՞ւր է գալիս պրակտիկան, երբ ենթականերին ստուգում է անձամբ հիվանդանոցի տնօրենը, հետաքրքրվեցին լրագրողները նախարարից: «Միանշանակ դուր է գալիս»,- նշեց նա: