
«Ելք» և «Ծառուկյան» դաշինքները դեմ են Միջհամայնքային միավորումների մասին օրինագծին
Ազգային ժողովն այսօր քվեարկության ներկայացրեց Միջհամայնքային միավորումների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց. «Այս օրենքով ոչ միայն սահմանափակվում է փոքր բնակավայրերի մասնակցությունը համայնքային կյանքին, քանի որ խոշորացման արդյունքում նրանք արդեն իսկ դուրս էին մնացել, հիմա էլ կանանց և ընդդիմախոս ձայներն ենք լռեցնելու միջհամայնքային միավորումների միջոցով»։
Նա հայտնեց, որ «Ելք» դաշինքը դեմ է քվեարկելու այս օրինագծին։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորի Միքայել Մելքումյանի խոսքով՝ իրենք ևս միանշանակ դեմ կքվեարկեն, քանի որ միակողմի ռեֆորմ անելը հավասարակշռությունն էապես խախտելու է։
«Մենք կունենանք Սյունիքի մարզի օրինակը՝ Մեղրու համայնք, Սիսյանի համայնք, հետո չորս շրջանները Գորիս, Կապան կմիավորվեն, կունենանք մեկ մարզպետարան, մեկ միջհամայնքային միավորում, և այդպես հանրապետությունում 10 մարզպետարան, 12 կամ 14 միջհամայնքային միավորում։ Ռեֆորմը համալիր պետք է անել»։
«Ելք»-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ այս օրենքի նախագիծը սահմանադրությանը հակասող բազմաթիվ դրույթներ է պարունակում և իրավաբանական վարչության ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքի վրա։
«Միջհամայնքային միավորումների ինստիտուտը բացառիկ կարևոր է ՏԻՄ-ին վերապահված պարտադիր լիազորություններն արդունավետ իրացնելու առումով։ Անշուշտ, այս օրինագիծը լրամշակման անհրաժեշտություն ունի, բայց համոզված եմ, որ այն տեքստը, որը մենք հիմա դնում ենք քվեարկության, միանգամայն հնարավոր է լրամշակման արդյունքում բերել այն պահանջների բավարարմանը, որի մասին մենք այստեղ ելույթներում խոսում էինք»,- վարման կարգով ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Միջհամայնքային միավորումների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 կողմ, 38 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Խոշորացման արդյունքում թե ավագանի, թե համայնքի ղեկավար կանանց թիվը կտրուկ նվազել է. Թանդիլյան
- Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը հակասում է սթափ տրամաբանությանը. Ն. Զոհրաբյան
- Մենք դեռ կիսաֆեոդալական ժամանակներից դուրս չենք եկել. Մելքումյան