Այս օրենքը լավը չէ, կներեք. Արամ Սարգսյան
«Սահմանադրության փոփոխությամբ նախատեսված էր, որ վարչապետը գլխավորելու է Անվտանգության խորհուրդը, և կարգը պետք է սահմանվի օրենքով»,- խորհրդարանում Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագծի առաջին ընթերցման քննարկման ժամանակ իր ելույթում ասաց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
Նա մանրամասնեց, որ նախագծով առաջարկվում է, որ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության պետը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
«Հիմնական լիազորությունները սահմանված են «Պաշտպանության մասին» օրենքով, և հիմնական լիազորությունը պաշտպանության ուղղությունները որոշելն է։ Խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում կարևորեց օրենքի քննարկումը ն հայտարարեց. «Օրենքով ստեղծում ենք նոր պաշտոն, որը չի բխեցվում Սահմանադրությունից։ Այսինքն՝ օրենքով փոխվարչապետերից մեկին է տրվում լիազորությունները, օրինակ` վարչապետի բացակայության դեպքում, ոչ թե ասվում է, թե առաջին փոխվարչապետը մյուսից գերակա դիրք ունի»,-ասաց պատգամավորը։
Նա օրինակ բերեց, թե սա նույնն է, թե սահմանվի օրենքով, որ պատգամավորի տեղակալը նրա բացակայության ժամանակ ընդունում է քաղաքացիներին, օրենքներ է գրում, կամ օրինակ լինեն ավագ պատգամավորներ, որոնք ավելի շատ լիազորություններ կունենան, քանի սովորական պատգամավորները։
«Մենք պատերազմող երկիր ենք և վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է, բայց, Աստված մի արասցե, հնարավոր է վարչապետն այդ պատերազմի դաշտում զոհվի, բա ո՞վ է այդ խնդիրները հետո բերելու քննարկման, այդ ձեր ասած փոխվարչապե՞տը, որը կարող է տնտեսության կամ գյուղատնտեսության մասնագետ է», - իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Պատգամավորը միանշանական այն կարծիքին է, որ Ազգային անվտանգության խորհրդում խորհրդարանը և երկրի նախագահը անպայման պիտի ներկայացված լինեն։
«Անվտանգության հետ կապված խնդիրներում այս խորհրդարանն էլ է ապացուցել, որ բոլոր նույն ձևով ենք մտածում, որ բոլոր աշխատում ենք հանուն Հայաստանի շահի։ Իսկ այստեղ որոշակի մարդկանց իրավունքների սահմանափակում եմ տեսնում, ինչ-որ մարդու չնեղացնելու առումով։ Այս օրենքը լավը չէ, կներեք, ես կարծում՝ մենք դեմ ենք քվեարկելու»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան