Եթե խնդիրը թոշակառուների ակումբ ստեղծելն է, այդպես էլ ասեք. Նաիրա Զոհրաբյան
«Մենք այսօր էլ ունենք Հանրային խորհուրդ, որն առանձնապես զբաղված չէ այն առաքելությամբ, ինչի համար ստեղծվել է։ Ավելի շատ դիտորդական առաքելություն է կատարում բոլոր այն դեպքերում , երբ պետք է իր կարծիքը հայտնի՝ որպես ժողովրդի կարծիք»,- Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորը հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին հարց ուղղեց. «Այս նախագծով կարո՞ղ եք մատնանշել գեթ մեկ իրավադրույթ, որը մեզ հույս կտա կարծել, որ այլևս ՀԽ-ն չի լինելու պարապների միություն ու դիտորդի աչքով չի հետևելու կատարվող իրադարձություններին»։
Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ չի պատրաստվում պաշտպանել Հանրային խորհրդին և այդ կառույցը դրա անհրաժեշտությունը չունի. «Ինձ, օրինակ՝ Հանրային խորհուրդը հանգիստ չի թողնում, պարապ չի թողնում: Խորհուրդը կազմակերպում է քննարկումներ տարբեր հանրային հարցերի վերաբերյալ, տալիս եզրակացություններ իրավական հարցերի հետ կապված»:
Պատգամավորն արձագանքեց. «Ձեզ հանգիստ չտալը բավարար չէ պնդելու, որ Հանրային խորհուրդը գտնվում է իր դիրքի վրա»։
«Եթե խնդիրը թոշակառուների ակումբ ստեղծելն է և մարդկանց աշխատանքի տեղավորելն է, այդպես էլ ասեք»,- ասաց նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Գրված է՝ Հանրային խորհուրդը հասարակության տարբեր շերտերի և իշխանության միջև կամուրջ է հանդիսանում։ Ձեր ծիծաղը չի՞ գալիս այս նախադասության վրա», - նշեց Զոհրաբյանը։
Պատգամավորը թվարկեց մի քանի խնդիրները, որոնց անդրադարձել է Հանրային խորհուրդը, դրանց վերաբերյալ տվել է տեղեկատվություն, առաջարկություն, բայց դրանց հետ կապված որևէ լուծում չի եղել։
«Հանրային խորհուրդն առաջարկել է եթերը մաքրել անորակ հաղորդումներից, սերիալներից. զրո արձագանք, թքած են ունեցել Հանրային խորհրդի առաջարկի վրա: Հանրային խորհուրդը լրջորեն քննարկեց սուպերմարկետներին սահմանափակելու խնդիրը, որ փոքր խանութները ևս կարողանան աշխատել: Բայց այսօր ունենք սուպերմարկետների ցանցի ընդլայնում: 2015-ին ՀԽ-ն քննարկեց համայնքների խոշորացման խնդիրը, նշվեց, որ սա աղետ է, տանելու է համայնքների կործանման: ՀԽ նախագահը դա համարեց արտագաղթին նպաստող, բայց էլի ոչ ոք բանի տեղ չի դրել: Հիմա խորհուրդնե՞րն են եղել անորակ, որ անարձագանք են մնացել, որից կարող ենք ենթադրել, որ այդ խորհուրդը եղել է պորտաբույծ, կամ այդ խորհուրդներին լսող չկա:
Թքած են ունեցել այդ կառույցի խորհուրդների վրա: Եթե այսքան տարի այդ խորհուրդները որևէ մեկին պետք չի եղել, ինչո՞ւ եք որոշել, որ աշխատակազմը ավելացնելուց հետո այդ կառույցը հանկարծ դառնալու է այնպիսին, որ նրա խորհուրդները սկսելու են կառավարությանը հետաքրքրել»,- մտահոգություն հայտնեց Զոհրաբյանը:
Նա շեշտեց, որ կատեգորիկ համաձայն չէ այն մտքի հետ, որ ՀԽ-ն կամուրջ է հանդիսանում հասարակության տարբեր շերտերի և իշանության միջև. «Ձեր ծիծաղը չի՞ գալիս այս նախադասության վրա։ Հանրային խորհուրդը եղել է մեռելածին ոչ թե այն պատճառով, որ այդ կառույցում մարդիկ պրոֆեսիոնալ չեն, այլ այն պատճառով, որ ոչ մեր երկրի նախագահը, ոչ վարչապետը խորհուրդների կարիք չունեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան