Ռեյտինգային ցուցակներն ավելի ժողովրդավարական են. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ հայտարարությանը, թե պետք է վերանայել ռեյտինգային ընտրակարգը՝ նշեց, որ կոալիցիոն գործընկերությունը չի նշանակում ՝ բոլոր հարցերում ունենալ նույն կարծիքը։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում և «Ելք»-ի, և «Ծառուկյան» դաշինքի, և մեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի քաղաքական բոլոր կարծիքներին, բայց կոնկրետ համամասնական բաց ցուցակների հետ կապված կարող ենք նշել, որ այսպես ասած, ռեյտինգային ցուցակները իրենց արդարացրել են։ Մեր նպատակը ժողովորդավարական համամասնական ընտրություն իրականացնելն է»,- նշեց ՀՀԿ խոսնակը։
Նրա խոսքով՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունները բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից հայտարարվել են ժողովրդավարական, և որևէ մեկը ռեյտինգային ցուցակները չի մատնանշել որպես խոչընդոտ:
«Իմ խորին համոզմամբ՝ այս տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են։ Եթե համամասնական ցուցակն ամբողջությամբ որոշում է կուսակցական ղեկավար մարմինը, ապա տարածքային ցուցակների առկայությունը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին իրենք ընտրեն, թե ում են ցանկանում տեսնել պառլամենտում», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Այսպիսով, ըստ նրա, ռեյտինգային ցուցակների վերանայման անհրաժեշտություն այսօր չեն տեսնում: