Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններով Ալիևը ժամանակային խնդիր է լուծում. Վարդան Ոսկանյան
Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների կազմակերպումն ունի ներքաղաքական և արտաքին քաղաքական պատճառներ: Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը արևելագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ սրանով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակային խնդիր է լուծում: Նա նման խաղի միջոցով փորձում է ընտրություններն իրեն հարմար ժամանակ անցկացնել՝ հնարավոր կողմնակի բարդություններից խուսափելու համար: Այս առումով հարմար առիթ են Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները, որոնց վրա էլ սևեռված կլինի ողջ ուշադրությունը:
Ալիևն, ըստ Ոսկանյանի, քաղաքական ընդդիմությանը հեռացնելով ասպարեզից, թողել է ազատ տարածք, վակուում, որը լցվում է կրոնական ընդդիմության կողմից, ու այժմ ամենաուժեղ շարժումը նրանք են՝ շիայական խմբերը, ովքեր հովանավորվում են Իրանից՝ առնվազն բարոյական ու քարոզչական մակարդակում:
Ընտրությունների ժամկետի փոփոխությունն, ըստ բանախոսի, կարևոր է նաև Արցախյան հակամարտության առկայության համատեքստում. գուցե վերլուծել են և գտել, որ այս պահին ընտրություն անցկացնելը շատ ավելի նպաստավոր է իրենց համար: «Հայաստանը անցում է կատարում կառավարման նոր համակարգի, ուստի Ալիևը ևս գուցե աշխատում է հնարավորինս շուտ ավարտել քաղաքական գործընթացը ներսում, որ կարողանա հավասարը հավասարի հետ շարունակել հայկական կողմի հետ բանակցությունները»,- ասաց նա:
Ոսկանյանը նշեց նաև մի տարբերակ, որը, սակայն, ենթադրությունից այն կողմ չի կարող գնալ: Նրա խոսքով՝ հնարավոր է՝ Ալիևը մի երրորդ ուժային կենտրոնից ազդակ է ստացել նման տեղաշարժ կատարելու, սակայն ակնհայտ է, որ նա գրեթե բոլոր ուժային կենտրոնների հետ խնդիր ունի՝ ՌԴ, ԱՄՆ, Արևմուտք, Մերձավոր Արևելք, բացառություն է կազմում թերևս միայն Իսրայելը, որի հետ ունի սերտ հարաբերություններ:
«Կարծում եմ՝ անտեղի է Ադրբեջանում ցանկացած փռշտոցով պայմանավորել պատերազմական գործողությունների սկիզբը, այդ պատերազմը երբեք չի դադարել, շարունակվում է զանազան հարթություններում, բոլոր այն տիրույթներում, որտեղ հայկական կողմի ու Ադրբեջանի շահերը բախվում են, ուստի լրացուցիչ անհանգստություն առաջացնել՝ անընդհատ խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին, սխալ է»,- ասաց նա:
Ոսկանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ պետք է այդ պատերազմին պատրաստ լինել ցանկացած պահի, ոչ ոք այդ պատերազմը չի չեղարկել, սակայն չի կարելի հասարակությանն անընդհատ պահել պատերազմի սպասման մեջ: Այս փոփոխությամբ, ըստ Ոսկանյանի, Ալիևն առաջին հերթին լուծում է սեփական իշխանության վերարտադրության հարցը, դրան զուգահեռ կան բազմաթիվ այլ գործընթացներ ևս, բայց չի կարծում, որ այս՝ ընտրությունների ժամկետի տեղափոխման հարցում Արցախի խնդիրը առաջնային է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին