Ներման մասին օրինագիծը հստակ սահմանվել է Սահմանադրությամբ. Քրմոյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ներման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ օրինագիծն առաջարկում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորում։ Ներման խնդրագիր կարող է ներկայացնել բացառապես դատապարտված անձը կամ նրա փաստաբանն ու հարազատները։
Գործելու է Ներման հարցերի քննարկման հանձնաժողով, իսկ ներման խնդրագրերն անցնելու են վարչապետի ձեռքի տակով։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցողին հարց ուղղեց թե ինչո՞ւ է նախագահի ձեռքից վերցվում այդ լիազորությունը և տրվում վարչապետին։
Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ հստակ նշել են, որ նախագահից լիազորություն չի վերցվում, այդ լիազորությունը սահմանված է Սահմանադրությամբ։
«Մեխանիզմը, որի հիման վրա գրվել է օրենքը, սահմանվել է նույնպես Սահմանադրությամբ։ Նախատեսվում է, որ պարտադիր առաջարկ ներկայացնող մարմին պետք է լինի, իսկ պառլամենտական հանրապետության դեպքում դա պետք է լինի վարչապետը: Մենք չենք կարծում, որ նախագահի լիազորությունները վերցնում ենք:
Բացի դրանից՝ մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Առաջարկություն ներկայացնելու ինստիտուտն ընդունված է շատ երկրներում՝ Բելգիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, մի տեղ կառավարությունն է ներկայացնում, մի տեղ նախարարությունը, մի այլ տեղ՝ դատախազությունը»։
Նա հավելեց, որ Սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորությունները հստակ պահպանվել են։
Հարակից հրապարակումներ`
- Զեյնալյան. Պետք է սահմանել, որ ներումը մարդասիրական քայլ է
- Ներման մասին օրինագծում հակասություն կա Սահմանադրության հետ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին