Բարեխիղճ փաստաբանի համար սանկցիաները վտանգ բացարձակապես չեն ներկայացնում. Արթուր Հովհաննիսյան
Դատական տուգանքը կարող է արդյունավետ ծառայել դատական նիստի բնականոն գործընթացն ապահովելու համար: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովահաննիսյանը:
«Երբ ինչ-որ հարցի քաղաքականությունն ես մշակում, այնպես չէ, որ պետք է զուտ սրտով շարժվես: Ավելի խիստ պատժամիջոցներ էին մտածում, որին անձամբ ես էլ դեմ էի: Օրինակ, կան երկրներ, որտեղ կալանք պատժատեսակը նույնպես կիրառում է դատարանը՝ իր իսկ նիստի կարգազանց մասնակցի կամ փաստաբանի նկատմամբ: Դա ընդունելի չէր, բայց այդ տուգանք-սանկցիան մինչև օրս էլ կա Սահմանադրական դատարանի մասին օրենքով, երբ փաստաբանը կամ դատավարության այլ կողմ կարող է ՍԴ-ի սահմանված կարգը:
Կիրառվում է սանկցիան, թե չի կիրառվում, դա այլ հարց է: Հետևաբար ասել, որ դատական սանկցիաները մենք նախատեսում ենք զուտ փաստաբանների համար, տեղին չէ, որովհետև նույն կերպ մենք դա անում ենք բոլոր մասնակիցների՝ նաև դատախազների համար: Դատախազը ևս, այո, պարտավոր է դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոնը: Դատավորը կշարաշահի իր լիազորությունները, փաստաբանի նկատմամբ անհիմն սանկցիաներ կիրրառի, առավելագույն խստությամբ կպատժվի»,- հավաստիացրեց Արթուր Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալը նաև նկատեց, որ եթե քրեական գործով դատական նիստ է, բայց փաստաբանը մի քանի անգամ չի մասնակցում, դատարանը նիստի բնականոն ընթացքը պահպանելու պարտականություն ունի: Ուրեմն ինչ միջոց պետք է ձեռնարկի դատարանը, որ ամեն անգամ ՔԿՀ-ից երկար ճանապարհ չկտրեն, ամբաստանյալին բերեն, իսկ տուժողները չներկայանան:
«Ինչ միջոց ունի դատավորն այսօր՝ նիստի բնականոն ընթացքը ապահովելու համար՝ ոչ մի»,- ասաց նա՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ լիովին հնարավոր է վստահորդի շահերը պաշտպանել առանց խախտելու դատավարական կանոնները, և բարեխիղճ փաստաբանի համար սանկցիաները վտանգ բացարձակապես չեն ներկայացնում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններն ԱԺ նախագահին առաջարկ են ներկայացրել
- Փաստաբանները փետրվարի 8-ին դարձյալ գործադուլ կանեն
- Եթե տուգանքներն ուժի մեջ մտնեն, փաստաբանը չի կարողանա վստահորդի շահերը պաշտպանել. Արա Զոհրաբյան
- Փաստաբանների պալատն արձագանքել է Արդարադատության նախարարության պարզաբանմանը
- Սյունիքի մարզի փաստաբանները վաղը գործադուլ են անելու
- Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին
- Փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառման դեմ բողոքող փաստաբանների թիվը հատել է 1000-ը