Գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքների օգտագործման մակարդակը չափազանց ցածր է. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է:
Մասնավորապես, ըստ վարչապետի, միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում:
Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին, հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ, հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։
«Իրականում սա պրոբլեմ է, քանի որ մենք բազմաթիվ ջանքեր ենք կիրառում, միջոցներ ենք ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքները ավելացնենք, բայց ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին», - ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան