Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդիին (նստավայրը՝ Վարշավա): Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:
ՀՀ ԱԺ նախագահը, կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նշել է, որ Հայաստան-Մալթա բարեկամական խմբի գործունեությունը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև երկխոսությանն ու արդյունավետ փոխգործակցությանը:
Նա նաև անհրաժեշտ է համարել փոխշահավետ շփումները խորհրդարանական տարբեր հարթակներում:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ համարելով այն ևս մեկ կարևոր քայլ դեպի Եվրոպա: Այս համատեքստում Արա Բաբլոյանը նշել է. «Մենք ուրախ ենք, որ Մալթան, լինելով փոքր երկիր, իր ուրույն տեղն ունի մեծ Եվրոպայում, և դա մեզ քաջալերում է, որովհետև Հայաստանը ևս լինելով փոքր երկիր՝ փորձում է Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության կամուրջ դառնալ»:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ նախագահն ասել է. «Անկախ բոլոր դժվարություններից ու հարևան երկրների որդեգրած ամբողջատիրական ձգտումներից՝ Հայաստանի ռազմավարությունը տարբերվում է նրանով, որ իր հիմնական զենքը ժողովրդավարությունն է: Վստահ եմ, որ Հայաստանն իրավունք ունի լինելու ժողովրդավարության և խաղաղության օրրան հանդիսացող ընտանիքի անդամ»:
Նատաշա Մելի Դոդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մալթա-Հայաստան միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացմանը: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու երկրների խորհրդարանների միջև կհաստատվեն գործընկերային կապեր, կակտիվանան տարբեր մակարդակների փոխայցելություններն ու շփումները:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը, հաջողություն մաղթելով դեսպանին առաքելության իրականացման ընթացքում, նշել է, որ ամենայնս կաջակցի երկկողմ շփումների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան