Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով. ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ
«Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները»,- այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ հանդիպմանը։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Բրիջիթ Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։
«Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելեց, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան