Սերժ Սարգսյանը ոչ միայն իմ ընկերն է, այլև՝ իմ մրցակիցը. ՖԻԴԵ-ի նախագահ
«Հայաստանում «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացումը շրջադարձային փուլ է շախմատային պատմության մեջ»,- այսօր ՀՊՄՀ-ում ինստիտուտի բացման արարողությունից հետ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻԴԵ) Կիրսան Իլյումժինովը։
«Ես այստեղ եմ գտնվում ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Հայաստանի պետական մանկավարժականա համալսարանի հրավերով՝ աշխարհում առաջին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացմանը մասնակցելու»,- ասաց նա։
ՖԻԴԵ-ի նախագահի խոսքով՝ այս կենտրոնը հնարավորություն կտա տեսնել, թե ինչպես է շախմատն ազդում երեխային ուղեղի զարգացման, նրա ինտելեկտի, տրամաբանության և անհատականության կայացման վրա։
Նշենք, որ ինստիտուտը գործելու է ՀՊՄՀ կազմում որպես առանջին ստորաբաժանում։
«Հայաստանը շարունակում է առաջատարը մնալ շախմատային աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մեջ։ Հայաստանն առաջին երկիրն է, որ շախմատը դպրոցում ներառել է որպես առանձին առարկա, ոչ մի երկում նման բան չի եղել և ձեր օրինակին հետևելով՝ այլ երկրներ էլ սկսեցին շախմատը ներառել դպրոցներում։ Շատ երկրների համար Հայաստանի շախմատային ֆեդերացիան և Հայաստանի շախմատի ակադեմիան շախմատի զարգացման կենտրոն ու ֆլագման են դարձել»,- նշեց նա։
Կիրսան Իլյումժինովը պատմեց, որ վերջերս Զիմբաբվեի կրթության նախարարի հետ հանդիպմանը սկսել է խոսել Հայաստանում դասավանդվող շախմատ առարկայի մասին, իսկ նախարարն իրեն պատասխանել է՝ «մենք գիտենք դրա մասին,և ցանկանում ենք, որ մեզ մոտ էլ աշակերտներն ուսումնասիրեն այդ առարկան»։
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատ են խաղացել։
«Սերժ Սարգսյանը ոչ միայն իմ ընկերն է, այլև շախմատային տախտակի իմ մրցակիցը։ Նա ոչ միայն շատ լավ խաղացող է քաղաքական դաշտում, այլև շախմատի տախտակի վրա։ Այս տարիները ընթացքում մենք հաճախ են հանդիպում շախմատի խաղատախտակի վրա, այսօր էլ առիթը բաց չթողեցինք։ Այսօր մենք բլից խաղ անցկացրեցինք և պայմանավորվեցինք ավարտել ոչ ոքի։ Իսկ նախորդ հանդպիմանը՝ Մոսկվայում ես պարտվեցի նրան»,- կիսվեց Կիրսան Իլյումժինովը։