Եվրոպական խորհրդարանը քննադատում է Թուրքիայում մարդու իրավունքների վիճակն ու արտակարգ դրությունը
Եվրոպական խորհրդարանը նախօրեին ընդունել է Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձև, որում պատգամավորներն ընդգծում են երկրում տիրող կառուցվածքային խնդիրները, որոնցից են երկրում հաստատված արտակարգ դրությունն ու դատական համակարգի կամայականությունները:
Պատգամավորները քննադատության են ենթարկել Թուրքիայի կառավարության կողմից լրագրողների, ակտիվիստների, բժիշկների ու հասարակ քաղաքացիների վերջին հարյուրավոր ձերբակալությունները, որոնց նպատակն է գրաքննության ենթարկել Աֆրինում իր ռազմական գործողությունները քննադատողներին:
Նշվում է, որ 2016թ.-ի հուլիսի 16-ի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունն օգտագործվում է լեգիտիմ ու խաղաղ ընդդիմությանն առավել ճնշելու համար: Այդ ժամանակից ի վեր 160 լրատվամիջոցներ փակվել են ու Թուրքիայում քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է զանգվածային ճնշումների: Խստորեն դատապարտում է Թուրքիայի խորհրդարանի՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը, որը հանգեցրել է ընդդիմադիր 10 պատգամավորների ձերբակալության ու 6 պատգամավորի մանդատի չեղարկման, ինչպես նաև քուրդ 68 քաղաքապետերի ձերբակալումը:
Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել բանտարկյալներին, ովքեր պարզապես ձերբակալվել են իրենց աշխատանքն անելու համար՝ ներառյալ ԵՄ քաղաքացիներին, որոնց մեջ են գերմանացի լրագրող Դենիզ Յուսելն ու Cumhuriyet- լրագրողները: Ազատ արձակել նաև առաջատար ՀԿ ղեկավար Օսման Քավալային, ում ձերբակալությունը քաղաքականացված է ու կամայական: Դադարեցնել Թուրքիայի Amnesty International-ի ղեկավար Թաներ Կիլիչի նկատմամբ մեղադրանքները, հրաժարվել մահապատժից ու հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան