2017 թ. ծանր հանցագործությունները նվազել են. ՀՀ գլխավոր դատախազ
2017 թվականի ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է 20 285 հանցագործություն: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2017-ին կատարված աշխատանքները, այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ այս ցուցանիշը 1 521-ով կամ մոտ 8.1 տոկոսով ավելի է 2016 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից:
«Մենք բավականին խորը վերլուծություն ենք կատարել այս ուղղությամբ, մեր գնահատականն այն է, որ այս պատկերը միանշանակ վկայում է հանցագործությունների հաշվառման և հանցագործների հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին: Նախ՝ էական աճ արձանագրվել է ոչ մեծ ծանրության, որոշ չափով նաև միջին ծանրության հանցագործությունների դեպքում: Մոտ 1600-ով աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Դրան զուգահեռ, էապես նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները»,- ասաց Դավթյանը:
2017 թ. ծանր հանցագործությունները նվազել են 11.4 տոկոսով, առանձապես ծանր հանցագործությունները` 33-ով կամ 16.7 տոկոսով: Գլխավոր դատախազը նշեց՝ վիճակագրությանը նայելիս՝ ակնհայտ է դառնում, որ նախ աճել են այն հանցագործությունները, որոնք մշտապես աչքի են ընկել լատենտայնության բարձր մակարդակով: Մասնավորապես, էական աճ կա կոռուպցիոն հանցագործությունների գծով, թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում արձանագրված հանցագործություններով, ճանապարհատրանսպորտային պատահարների կամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում կատարված հանցագործություններով:
«Տարիներ շարունակ հանցագործների հաշվառման համար պատասխանատու պետական մարմիններում գործելաոճ է եղել երբեմն թաքցնելու առանձին հանցագործությունները, դրանք չհաշվառելու: Սրա պատշաճ արձագանքն ապահովվել է: ՀՔԾ-ի վարույթում քննված բազմաթիվ քրեական գործերով քրեական հետապնդումներ են իրականացվել, դատի են տրվել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հատկապես այդ հանցագործությունների դեպքերը թաքցնելու գործառույթներ կամ գործողություններ են իրականացրել: Այս առումով, 2017 թվականի ընթացքում մենք հանցագործների հաշվառման գործընթացի նկատմամբ ամենօրյա և պարտադիր ամենամսյա հսկողություն էինք իրականացնում: Դատախազական հսկողության տվյալներից մեզ համար արդեն պատկերը պարզ է, որ այս առումով մենք ունենք էական բարելավում»,- ասաց նա:
Դավթյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը ևս հետևողականություն է ապահովել, և դրա արդյունքում կարող են այսօր փաստել, որ իսկապես հաշվառման գործընթացի այդպիսի բարելավում կա:
Վերը թվարկված՝ լատենտայնության բարձր աստիճանով աչքի ընկնող հանցագործություններն, ըստ Գլխավոր դատախազի, բացահայտվում են քրեական հետապնդման մարմինների հետևողական և օպերատիվ աշխատանքի արդյունքում, հետևաբար դրանց աճը միանշանակ վկայում է հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:
Այդուհանդերձ, Դավթյանը նշեց, որ արդյունքները լիարժեք գոհացնող համարել չի կարող, որովհետև իրենց հնարավորություններն ավելին են և կարող են իսպառ բացառել հնարավոր հանցագործության՝ իրավապահ մարմիններից գաղտնի մնալու փաստը:
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների առանձին տեսակներից 2017-ին էական նվազում է արձանագրվել հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործություններում. եթե 2017-ին դրանք 52-ն են եղել, 2016-ին եղել են 65-ը, իսկ օրինակ տասը տարի առաջվա տվյալների հետ համեմատած կիսով չափ նվազում կա, որովհետև նույն՝ 2007 թվականին հրազենի գործադրմամբ հանցագործությունները եղել են 106-ը: Ըստ Դավթյանի՝ 2017 թ. պաշտոնապես արձանագրվել է սպանության 49 դեպք, որը 17-ով կամ 25 տոկոսով պակաս է 2016 թ. արձանագրված 66 սպանության դեպքերից:
«Այդ 49 սպանության դեպքերից 6-ը վերաբերում են անձանց անհայտ կորչելու փաստով հարուցված քրեական գործերին: Ձեզ արդեն քաջ ծանոթ են մեր մոտեցումները, երբ անձի՝ անհայտ կորչելու պայմաններում առնվազն 10 օր նրանից լուր չկա, և նրա բացակայության պատճառների վերաբերյալ ողջամիտ բացատրություն չկա, մենք այդ փաստերով հարուցում ենք քրեական օրենսգրքի 104 հոդվածով՝ սպանության փաստով քրեական գործ: 2017 թ. միայն այս փաստով հարուցված 5 քրեական գործեր կարճվել են՝ հետագայում անհայտ կորած անձի հայտնաբերման արդյունքում: Նույն այս 49 տվյալներից որոշեցինք՝ 6-ը անհայտ կորչելու փաստով է հարուցված, 2018 թ. հունվար ամսվա ընթացքում նրանցից 1-ը ևս հայտնաբերվել է, և բնականաբար այս գործի վարույթը կարճվել է, այսինքն՝ հետ գնալով, կարող ենք ասել, որ այդ թիվը կարող է լինել 48-ը»,- ասաց նա:
Գլխավոր դատախազը նաև նշեց, որ այս 49-ի մեջ կարող են լինել անհայտ կորչելու այնպիսի դեպքեր, որոնցով որոնողական աշխատանքների այս պահի ձեռքբերումները վկայում են, որ կա հավանականություն այդ անձանց հայտնաբերելու, հետևաբար իրական սպանության թվի մասին խոսելիս հանգիստ կարելի է 49-ից նախապես գոնե 6-ը բացառել:
Դավթյանն անդրադարձավ նաև սպանությունների վիճակագրությանը: Նրա խոսքով՝ 90-ական թվականներին Հայաստանում արձանագրվել են սպանության ամենաբարձր ցուցանիշները. ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 1992 թ.՝ 305 սպանություն, իսկ 1992-1997 թթ. արձանագրվել են սպանությունների եռանիշ թվերով ցուցանիշներ, 1998 թվականից սկսած՝ արդեն երկնիշ թվերով և, առանձին բացառություններով, որպես կանոն՝ նվազման միտումով: 1998 թ. արձանագրվել է 93 սպանոսւթյան դեպք, 2017-ին՝ 49՝ բացառելով նաև նշված անհայտ կորած հատկապես հայտնաբերված անձանց թվերը:
2017 թ. արձանագրվել է 23 սպանության փորձ, սա նախորդ տարվա արդյունքներից պակաս է 13-ով. նախորդ տարի սպանության 36 փորձ է եղել, ընդ որում՝ 2017 թ. սկսած՝ սպանության փորձի արձանագրված թիվը լավագույնն է վերջին տարիների ընթացքում: Էական նվազում է գրանցվել նաև ավազակության դեպքերի ցուցանիշներում. 2017 թ. հանրապետությունում արձանագրվել է ավազակության 46 դեպք, նախորդ տարի եղել է 53 դեպք, այսինքն՝ արձանագրվել է 7-ով նվազում: 1990 թ. արձանագրվել է ավազակության 348 դեպք, 90 թվականից սկսած՝ ավազակության ամենացածր ցուցանիշը դարձյալ արձանագրվել է նախորդ տարի՝ 2017 թ.:
Հարակից հրապարակումներ`
- Լոռու մարզում կատարված սպանության դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու կամքն առկա է. ՀՀ գլխավոր դատախազ
- «Մեդիալաբ»-ի խմբագրի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ունենք արդյունք. Արթուր Դավթյան
- Դատախազների նկատմամբ տուգանքի կիրառման դեմ ակցիաներ չեն լինի. ՀՀ գլխավոր դատախազ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում