Առաջին ընթերցմամբ ընդունվեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը
97 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Վարման կարգով «Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը նշեց. «Քանի որ ոլորտն իսկապես կարգավորումների կարիք ունի, մենք մեծ վերապահումներ ունենալով կոնկրետ այս տեքստի նկատմամբ, կողմ ենք քվեարկում, բայց ընդհանուր առմամբ կարծում ենք, որ և իրավական, և կարգավորման առումով պրոբլեմներ կան և հույս ունենք, որ մինչև երկրորդ ընթերցում կշտկվի»։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որին կողմ քվեարկեց 90, դեմ 7 պատգամավոր։
Քվեարկության դրվեց նաև Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց. «Մեր խմբակցության դիրքորոշումն այս նախագծի մասին պայմանավորված է նրանով, որ նախագծի հեղինակներն այդպես էլ չկարողացան համոզիչ հիմնավորում բերել աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումը, ներմուծումն արգելելու վերաբերյալ։ Եթե գլխավոր հիմնավորումն այն էր, որ դրա շահագործումը վտանգում է մարդկանց կյանքը, առողջությունը, ապա ո՞րն է տրամաբանությունը եղածներին թողնել, ներմուծումը ժամանակավորապես արգելել։ Մեր դիրքորոշումը պայմանավոված է հիմնավորման ոչ պատշաճ ձևակերպումներով»։
ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմանազնովն արձագանքեց. «Ձեր բոլոր հարցերին երեկ քննարկման ժամանակ հիմնական և հարակից զեկուցողները պատասխանել են»։
«Ելք»-ի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հավելեց «Միջին տարիքը ձախակողմյան մեքենաների մեր երկրում 21 տարին է, իսկ աջակողմյաններինը՝ 14: Այսինքն մենք սրանով նպաստում ենք, որպեսզի ավելի հին և էժան մեքնենաներ մտնեն, որն ավելի վտանգավոր է, ու վնասակար է էկոլոգիային։ Մենք դեմ ենք քվերակելու»։
Օրինագիծն ընդունվեց 63 կողմ, 34 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մարտավարությունը այդ անհատների շատ նման է մոբիլ ահաբեկչական խմբերին՝ կրակում են, յոթ րոպե հետո չկան. Սաղաթելյան
- Նույն գնով ձեռք բերված աջ ղեկով մեքենան ավելի թարմ է, մաքուր և տեխնիկապես նոր. Զեյնալյան