Լոռու մարզում կատարված սպանության դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու կամքն առկա է. ՀՀ գլխավոր դատախազ
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նախորդ տարի տեղի ունեցած՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ այս քրեական գործի բացահայտման արդյունքում պարզվել են նաև քննչական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձի գործողությունները:
«Անմեղության կանխավարկածը չխախտելով՝ ասեմ՝ այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրել: Այս քրեական գործով նախաքննությունը Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ գործը ուղարկվել է դատախազին: Դատախազը չի հաստատել այդ մեղադրական եզրակացությունը, տեսել է խնդիրներ գործի քննության լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ և այն ուղարկել է լրացուցիչ նախաքննության»,- ասաց նա:
Դավթյանի խոսքով՝ դրա արդյունքում նորից քրեական գործի վարույթը վերցվել է Լոռու մարզի քննչական վարչությունից, ուղարկվել է քննչական կոմիտե՝ դրա նախաքննությունը Հատուկ կարևոր գործերի վարչությունում իրականացնելու առաջարկով, որը բավարարվել է: Գլխավոր դատախազը նշեց, որ իրենք այս բացահայտումներն ունեցան քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում կատարված քննության արդյունքներով:
Ինչ վերաբերում է այդ գործի ընթացքում պաշտոնատար անձանց հնարավոր հանցավոր մասնակցությանը, ապա Դավթյանը տեղեկացրեց՝ հարուցված է քրեական գործ, կա արդեն մեկ մեղադրյալ, կա ձերբակալված ևս մեկ պաշտոնատար անձ: Նա վստահեցրեց՝ քրեական գործով իրականացվելու է բազմածավալ քննություն, ամեն ինչ արվելու է՝ հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար:
Արձագանքելով հարցին՝ արդյո՞ք արդար քննություն կարելի է ակնկալել՝ հաշվի առելով, որ այս գործի շրջանակներում կալանավորված անձի աները ՀՔԾ-ում ազդեցիկ պաշտոն է զբաղեցնում, Դավթյանը վստահեցրեց՝ Հատուկ քննչական ծառայությունը, անկախ ցանկացած բարեկամական կապից, իրականացնելու է լրիվ օբյեկտիվ, համակողմանի նախաքննություն:
«Այս պահին դատավարական կարգավիճակ ունեն միայն երկու պաշտոնատար անձինք, բայց նախաքննությունը դեռ նոր ենք սկսել: Ինչ վերաբերում է բացահայտումներին, դրանց փաստն ինքնին դրական է, եթե նախկինում չեն բացահայտվել: Ես դրանց՝ որևէ մեկի շահագրգռության արդյունքում չբացահայտվելու մասին դրական պատասխան կարող եմ տալ միայն համապատասխան բացահայտված դեպքով, բացահայտված փաստով»,- ասաց նա:
Դավթյանը նշեց՝ դարձյալ չխախտելով անմեղության կանխավարկածի մասին սկզբունքը, որ Լոռու մարզում կատարված այդ սպանության դեպքի հանգամանքները լիարժեք չբացահայտելու համար մեղադրվող պաշտոնատար անձի, մնացած բոլոր դեպքերի ուղղությամբ հետևողականությունը միանշանակ է: «Ձեր կողմից հաճախակի օգտագործվող բառը՝ կամքը, միանշանակ է: Թե որքանով դրանում կունենանք արդյունքներ, դա մեր հնարավորությունների՝ տեխնիկական, կադրային համապատասխան մասնագիտական պատրաստվածության արդյունք է, որոնք ներկայացնելով՝ ես գնահատեցի որպես ակնկալիք՝ վաղը ավելի լավ արդյունք ունենալու համար»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ արդյոք լարվածություն երկու գերատեսչությունների միջև: Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշեց, որ միջգերատեսչական լարվածության մասին խոսք լինել չի կարող, վստահ է, որ նույն հիմնարկի ղեկավարը, որտեղ կատարվում է բացահայտում, նույնպես պետք է ոգևորություն ունենա դրանում, որովհետև այսպիսի քայլերը թիրախավորված մոտեցում են կոնկրետ հնարավոր ենթադրյալ հանցագործություն կատարող պաշտոնատար անձի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կասկածանքով կալանավորվել է ՀՀ ՔԿ ծառայող
- Խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՔԿ ծառայող է կալանավորվել
- Առաջադրվել են մեղադրանքներ սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար
- Եվս մեկ ձերբակալված՝ Ալավերդիում սպանության գործով
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում