Փաստաբաններն իրենց նկատմամբ սանկցիաների դեմ պայքարի նոր փուլ են սկսում
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբաններ Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանը հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են՝ 2018 թ. փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ գործադուլ են հայտարարում:
Որոշման դրդապատճառների ու նպատակների մասին տեղեկանալու համար Panorama.am-ը զրուցեց փաստաբանների հետ: Արայիկ Պապիկյանը նշեց, որ գործընկերոջ՝ Նինա Կարապետյանցի հետ դեռ երեկ հայտարարել էին առարկայական քայլերի դիմելու մասին, այդ քայլերից մեկն էլ գործադուլն է, որով ցույց են տալիս՝ իրենք չեն պատրաստվում ընդունել ապօրինությունները, շարունակելու են պայքարել:
«Որպես պայքարի միջոց այս պահին ընտրել ենք գործադուլը՝ հաշվի առնելով, որ հակասահմանադրական և կեղծ դրույթ են օրակարգ մտցնում փաստաբանների դեմ: Սա իրոք արհեստական է, որովհետև նրա կարիքը չունի ոչ հասարակությունը, ոչ էլ առավել ևս պետությունը: Սա չի քննարկվել փաստաբանների հետ, օրերի, ժամերի ընթացքում մտցվել է Ազգային ժողով, զոռբայաբար փորձում են այդ ճանապարհով ինչ-որ նոր խաղի կանոններ թելադրել, որոնք փաստաբանական ինստիտուտը որպես քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտ, իսկ արդարադատության համակարգում անփոխարինելի ինստիտուտ ուզում են դարձնել ընդամենը գործիք, դա անթույլատրելի է»,- ասաց նա:
Պապիկյանը նշեց՝ իշխանությունն ուղղակի չի կարողանում ընկալել այն փաստը, որ իրենք կարող են հակառակ կողմեր լինել միայն դատական նիստերի դահլիճում, իսկ դրանից դուրս բոլորը մեկ նպատակ պիտի ունենան: Փաստաբանի խոսքով՝ դատական նիստերի դահլիճից դուրս իրենց դիտարկում են որպես հակառակորդ կամ թշնամի, փորձում են հաղթանակ տանել ոչ դատավարական ճանապարհով: Նման մոտեցումն, ըստ Պապիկյանի, պետականության դեմ ուղղված քաղաքականություն է:
Փաստաբանը նշեց՝ վստահ են, որ միջազգային կառույցներում ու ատյաններում իրենք կհաղթեն, բայց չի մտածում, որ հակառակ կողմեր են: «Սա առաջին հերթին ուղղված է հասարակության յուրաքանչյուր անդամի դեմ. եթե ես, որպես փաստաբան կաշկանդված եմ լինելու այդ տուգանքով, և այդ նիստի ժամանակ փորձելու եմ գնահատել այդ իրավիճակը՝ տուգանվել-չտուգանվելու մասով, չեմ բարձրաձայնելու բողոքս անարդարության դեմ, ապա դա, բնականաբար, ազդելու է ոչ միայն ինձ վրա, այլև իմ վստահորդի կամ պաշտպանյալի, իսկ իմ վստահորդը կամ պաշտպանյալը կարող է լինել հենց այդ կոճակ սեղմող անձը կամ այդ նախաձեռնության հեղինակը, ով այսօր փորձում է մեզ պատասխանատվության ենթարկել, այնպես որ, զայրույթս բավական մեծ է, որ իշխանությունները նման մոտեցում են ցուցաբերում, և հենց գործադուլ հայտարարելուս հիմնական պատճառը դա է»,- ասաց նա:
Պապիկյանը նշեց, որ կարծում է՝ իրենց գործադուլին էլի միացողներ կլինեն, նախապես այլ գործընկերների չեն տեղեկացրել, սակայն ուրախ կլինեն, եթե իրենց պայքարին միանան: Նա նշեց, որ տեղյակ է Փաստաբանների պալատի հայտարարության մասին՝ փետրվարի 14-16-ը գործադուլ անելու մասին, սակայն շատ ուրախ կլիներ, եթե չսպասեին այդ օրերին, ավելի վաղ միջոցներ ձեռնարկեին: Պապիկյանը վստահ է՝ ավելի մեծ գործողություններ իրականացնելու դեպքում պատկան մարմինները որևէ կերպ պիտի փորձեն այս հարցի լուծումը գտնել, պետք է հաշվի առնեն, որ շուրջ 2000 իրավաբան առաջարկներ ունեն, ասելիք, քննարկման կարիք ունեն, բայց իրենք ուղղակի անտեսում են:
«Չի կարելի այդպես վարվել մի այնպիսի համայնքի հետ, որտեղ հիմնականում կամ առավելապես լուրջ, գրագետ իրավաբաններ են, և այդ բոլորին ուղղակի թողնել լուսանցքից դուրս, անլուրջ է, սա չի կարելի այդպես վարվել: Ոչ թե սկզբունքորեն պիտի ցույց տալ, որ զոռբայաբար ամեն ինչ կարող են անել, այլ պիտի դա լիներ քաղաքակիրթ ճանապարհով»,- ասաց նա: Պապիկյանը նշեց, որ իր համար արդեն որոշել է նաև հետագա քայլերը, սակայն հուսով է՝ հերթը դրանց չի հասնի: Այդուհանդերձ, եթե մինչև փետրվարի 16-ը կամ ավելի կարճ ժամանակահատվածում խնդիրը որոշակի լուծում չստանա, ոչինչ տեղի չունենա, փետրվարի 16-ին մտադիր է որոշակի միջոցներ ձեռնարկել, որոնց մասին լրացուցիչ կհայտնի:
Նինա Կարապետյանցը նշեց՝ ցավալի է, որ խորհրդարանն իր մեջ ուժ չգտավ ճիշտ որոշում կայացնելու, և ինչ-ինչ նպատակներով այնուամենայնիվ որոշում կայացրեց, որ այսուհետ կարող են նաև փաստաբաններին տուգանել մինչև 100 հազար դրամի չափով: Փաստաբանն ասաց, որ իր համար այս դեպքում չի գործում ժողովրդական խոսքը՝ «մի ծաղկով գարուն չի գա»: «Ես կարծում եմ, որ մինչև վերջ պետք է պայքարել, ինչքան որ մեր ուժերը ներում են, ինչքան որ ունենք այդ հնարավորությունները, գոնե ինքդ քո խղճի առաջ մաքուր լինելու համար պետք է պայքարել: Այո, մեր մնացած գործընկերներից կարծում եմ շատերը կմիանան մեր նախաձեռնությանը, սա պետք է բացատրել համակարգին, որ չի կարելի փաստաբանների հետ խաղ անել, սա լուրջ աշխատանք է, լուրջ ոլորտ է, և մենք մեր աշխատանքը անում ենք ազնիվ, պարկեշտ և նվիրված, հետևաբար մեզ հետ խաղ անել ուղղակի չի կարելի»,- ասաց նա:
Անդրադառնալով հայտարարությանը, որ դատախազներն այս տուգանքների դեմ բողոքի ակցիաներ չեն իրականացնի, Կարապետյանցն ասաց, որ իրեն այդ հայտարարությունը չի զարմացնում, քանի որ տարիների ընթացքում դատախազներն իրենց պահվածքի համար որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, առավելագույնը նկատողությամբ են բավարարվել, նախազգուշացումով, հետևաբար այս հարցը նրանց առհասարակ պետք է չհետաքրքրի, չանհանգստացնի, սակայն դա սխալ մոտեցում է:
«Կգա մի ժամանակ, երբ բոլորը, անգամ նրանք, ովքեր այս պահին շատ ինքնավստահ են ու համարում են, որ իրենք անձեռնմխելի են, ու իրենց ապագայում որևէ խնդիր չի սպասվում, շատ սխալվում են, որովհետև ես կարծում եմ՝ կգա այդ ժամանակը, և այս օրենքի ամբողջ խստությունն իրենք իրենց կաշվի վրա կզգան, այդ ժամանակ արդեն, ցավոք, հնարավոր է՝ չեն լինի այն փաստաբանները, ովքեր իրենց ոչ թե արարքները կփորձեն արդարացնել, այլ իրենց խախտված իրավունքների համար կփորձեն պայքարել»,- ասաց նա:
Կարապետյանցը նշեց, որ հետագա կոնկրետ գործողությունների պլան այս պահին չունի, որովհետև որոշումը շատ հանկարծակի են կայացրել, բայց ենթադրում է, որ ինչ-որ գործողություններ Արայիկ Պապիկյանի հետ կքննարկեն: Նա նշեց, որ փաստաբանները շատ ավելի անկախ են, ավելի կրեատիվ մտածողություն ունեն, և դեռ իրենք կմտածենք այն տարբերակները, որոնցով կկարողանան ներազդել: Փաստաբանը նշեց, որ այս որոշման հետ կապված շատ մեծ, լուրջ ու ծանր արձագանք է եղել նաև Հայաստանի սահմաններից դուրս:
«Հայաստանին լուրջ փորձություններ են սպասվում այս օրենքի կոնկրետ այս դրույթի հետ կապված: Սա ակնհայտ է, որ ուղղված է հենց փաստաբանների դեմ: Դա թե վիճակագրությունն է ապացուցում, թե դատարաններում լուսաբանվող վերջին դատավարությունները: Ցավում եմ, որ հերթական անգամ մեր իշխանությունները չգիտակցեցին պահի լրջությունը, իրենք իրենց դրեցին շատ վատ վիճակի մեջ: Մենք էլ մեր հերթին, որպես կազմակերպություն, անպայման ամեն կերպ տեղեկացնելու ենք ստեղծված իրավիճակի մասին, բարձրաձայնելու ենք այս խնդիրև տարբեր ատյաններում, որոնք կարող են ազդեցություն ունենալ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազների նկատմամբ տուգանքի կիրառման դեմ ակցիաներ չեն լինի. ՀՀ գլխավոր դատախազ
- Եթե տուգանքներն ուժի մեջ մտնեն, փաստաբանը չի կարողանա վստահորդի շահերը պաշտպանել. Արա Զոհրաբյան
- Նախաձեռնող խումբ. Փետրվարի 7-ին փաստաբանները գործադուլ կանեն
- Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ. Երվանդ Վարոսյան
- Երվանդ Վարոսյան. Հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա