Շ. Դոյդոյան. Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է
«Տեղեկատվության մատչելիության ոլորտը այն բացառիկ ոլորտներից է, որով Հայաստանը հանդես է գալիս առաջատար դիրքերից, հիմա այնպիսի տպավորություն է, որ բոլոր ձեռքբերումներից ուզում ենք կամաց-կամաց հրաժարվել, սա շատ վատ չափանիշ է»,-հայտարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը՝ «Մեդիա կենտրոն»-ում անցկացված «ՀՀ կառավարության դռնփակ նիստեր. ժողովրդավարության հետքա՞յլ, թե՞ արդյունավետ աշխատելաոճ» թեմայով քննարկման ժամանակ:
Նա կարծիք հայտնեց, որ փակելով լրագրողների մուտքը կառավարության նիստերի դահլիճ՝ ոտնահարվում է լրագրողների՝ ուղղակի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքը: Սա նշանակում է, որ հանրության առջև հաշվետու լինելու բոլոր մեխանիզմները փակվում են:
Անդրադառնալով դռնփակ նիստ անցկացնելու այն հիմնավորմանը, թե կառավարության անդամները քննարկումների ժամանակ կաշկանդվում են, Դոյդոյանն ընդգծեց. «Այո, այդպես էլ պետք է լինի: Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է, լրագրողների ներկայությունը ստիպում է հանրության շահերից բխող որոշումներ կայացնել, ոչ թե առաջնորդվել անձնական շահերով ու կարիքներով»:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը պնդեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում հաջորդելու են մնացած մյուս մարմինների նիստերը փակելու նախաձեռնությունները:
«Սա միայն առաջին քայլն է, ոչ թե միակը: Փակելու են քաղաքապետարանի նիստերը, դատական նիստերը»,-ասաց նա:
Քննարկման մասնակից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նախ նկատեց, որ կառավարության նիստերի դահլիճում լրագրողները ներկա չեն, նրանք նիստի աշխատանքներին հետևում են մոնիտորի միջոցով:
«Այսինքն այստեղ կաշկանդվելու հարց չկա: Եթե նույնսիկ այս դեպքում նրանք կաշկանդվում են, ապա դա նրանց խնդիրն է, ուրեմն պատրաստ չեն հանրային դեմք լինել: Ես այստեղ նաև կոռուպցիոն, հասարակությունից շատ հարցեր թաքուն բաներ պահելու ռիսկեր եմ տեսնում»,-ասաց նա:
Մելիքյանի խոսքով, փակ աշխատելը, դռները փակելը տոտալիտար համակարգին բնորոշ հատկանիշներ են: «Սա քաղաքական վերնախավի որոշում է, և այնպիսի հստակ որոշում, որ նրանք քննարկումների պատրաստ չեն»,-կարծիք հայտնեց նա:
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով, դռնփակ նիստերի որոշումը պատահական քայլ չէ: «Ես կարծում եմ՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկա ամիսներին ընդունվելու են ոչ պոպուլյար, համարձակություն կունենամ ասել հանրային շահերին հակասող որոշումներ: Դրանց ընդունման ընթացքում նախարարներն ու այլ պաշտոնյաներ ներկայացնելու են այնպիսի տեսակետներ, որոնք իրենց վարկաբեկելու են»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարարը կողմ է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացվեն
- Լավ է ուշ, քան երբեք. Շարմազանովը՝ կառավարության դռնփակ նիստերի մասին
- Կառավարության վերջին զարմանահարույց որոշումը դռնփակ նիստեր անցկացնելու մասին էր. Գևորգ Պետրոսյան
- Շուշան Դոյդոյան. «Հետո չասեք՝ բա ինչու՞ մեր ռեյտինգը ընկավ»
- Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ չէ ժողովրդավարությունից. Շարմազանով
- Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
- Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան