Արաբագետ. Սիրիայում ռազմական ակտիվությանը զուգահեռ՝ մեծ թափով ընթանում է նաև քարոզչական դիմակայությունը
Արաբագետ Արմեն Պետրոսյանն ամփոփելով անցնող շաբաթը Սիրիայում, գրում է, որ ուշագրավ սրացումներ են տեղ գտել սիրիական ռազմաճակատի մի շարք հատվածներում, ինչպես նաև՝ հակամարտությանն ներգրավված միաժամանակ մի քանի դերակատարների միջև: Նա առանձնացնում է սրացումների մի քանի ուղղություն՝
1. Իդլիբ-Հալեպ նահանգների սահմանային հատվածում Թուրքիայի ամրապնդման փորձը և Ռուսաստանի լուռ համաձայնությունը լարվածություն է առաջացրել Աստանայի գործընթացի մասնակից 3 գործընկերների՝ մի կողմից Թեհրանի, մյուս կողմից՝ Անկարայի և Մոսկվայի միջև: Իրանական իշխանությունների արձագանքը ոչ միայն սիրիական ռազմաճակատում է՝ նրանց հովանավորյալ խմբավորումների կողմից Թուրքիայի դիրքերին ուղղված հարվածների տեսքով, այլև՝ դիվանագիտական և քարոզչական՝ արտահայտված հակաթուրքական սուր հռետորաբանությամբ, նաև մեդիահրապարակումների միջոցով:
2. Սիրիական ԶՈւ-ն առավել անկաշկանդ կերպով պատասխան հարվածներ է հասցնում սեփական տարածքում պարբերաբար տարաբնույթ գործողություններ իրականացնող իսրայելական օդուժի դեմ՝ երբեմն նաև վնաս հասցնելով սահմանակից իսրայելական բնակավայրերին:
Այս իրողությունը հավանաբար պայմանավորված է նաև Դամասկոս-Թեհրան և Մոսկվա-Անկարա ձևաչափերի միջև սրված հակասություններով:
3. Դեր Զորում լուրջ բախումներ են գրանցվել սիրիական վարչակարգին հարող ժողովրդական աշխարհազորի և ԱՄՆ-ի հովանավորյալ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինյալների միջև. գործողություններին մասնակցել է նաև ամերիկյան օդուժը, ինչի հետևանքով կառավարամետ ուժերը զգալի կորուստներ են կրել:
4. Սիրիական օդուժի կողմից Դամասկոսի արվարձաններում և Իդլիբ նահանգում իրականացված մի շարք ավիահարվածներից հետո Վաշինգթոնից դարձյալ հայտարարվել է Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման հնարավորության մասին:
5.Իդլիբում շարունակվում են կատաղի մարտերն ինչպես հակակառավարական տարաբնույթ խմբավորումների, այնպես էլ ընդդիմադիրների և կառավարամետ ուժերի միջև: Ռազմական գործողություններից անմասն չեն մնում նաև «Իսլամական պետություն» և «Հայա Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումները: Ճիշտ 1 շաբաթ առաջ Իդլիբում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո նահանգում հակակառավարական ուժերի դեմ իրականացվող գործողություններին առավել ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ռուսական օդուժը:
6. Շարունակվում է քրդաբնակ Աֆրինի դեմ թուրքական ԶՈւ-ի և հովանավորյալ խմբավորումների նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը. հարձակվող կողմը գրանցում է կայուն առաջխաղացում, ինչը, սակայն, սպասվածից ավելի դանդաղ է տրվում: Նույն ռազմագործողությամբ պայմանավորված՝ ավելի է սրվել հռետորաբանությունը Անկարայի և Վաշինգթոնի միջև:
Նշված բոլոր ուղղություններում գրանցված ռազմական ակտիվությանը զուգահեռ՝ շատ ավելի մեծ թափով ընթանում է նաև քարոզչական, հոգեբանական դիմակայությունը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հայտնել են Աֆրինում ընթացող գործողության ընթացքի մասին
- Էրդողանը հայտարարել է Իդլիբ մտնելու մտադրության մասին
- Սիրիայի հարցով Իրանի նախազգուշացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարն այցելել է Թեհրան
- Դամասկոսում հայեր են վիրավորվել