Ապրիլյանում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է
Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, տանկիստ, Նորիկ Գասպարյանն այսօր կդառնար 22 տարեկան:
Նորայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց: Ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին: Նորայրը հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավորի» կոչմամբ:
Հարցազրույցներից մեկում Նորայրի մայրը՝ Նունե Աթաջանյանը պատմել էր, որ իրենց ընտանիքն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն որդին պնդել է, որ իրենք վերադառնան Հայաստան և իր կրթությունը շարունակի հայրենիքում: «Նորիկն իր բոլոր նպատակների իրականացումը կապում էր հայրենիքի հետ»,- ասել էր մայրը:
Ապրիլյան պատերազմի հերոսը բանակ էր զորակոչվել 2014թ-ին, ծառայում էր տանկային գումարտակում: 2 ամսից պետք է զորացրվեր: Նորայրը 2016 թվականի հունվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր համար այդ տարին ամենասպասվածն էր, քանի որ նա պետք է զորացրվեր. «Վերջապես եկավ իմ կյանքի, երևի թե, ամենասպասված թվականը՝ 2016 թվականը: Թե ինչու սպասված, որովհետև այս տարի իմ ու շատ զինվորների «ուվալնյատի» տարին է: Թող այս տարի լինի հաջողություններով լի տարի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորիդ երազանքները, սիրեք իրար և եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ես ձեզ շատ-շատ եմ սիրում ու շուտով կլինեմ ձեր կողքին: Ու վերջում՝ մեկ-մեկ էլ պատասխանեք զանգերիս»:
Ապրիլի 2-ին գիշերը 04:30-ի կողմերը Նորայրը զանգահարել է եղբորը ու ասել. «Պատերազմ ա, վիճակը լավ չի, մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար»,- պատմել է եղբայրը՝ Միշա Գասպարյանը։
Տանկիստ Նորայրը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Վահե Զաքարյանը:
Լուսանկարն արված է 2016թ-ի փետրվարի 10-ին, երբ Նորայրը վերջին անգամ նշում էր իր ծննդյան օրը:
Նորայր Գասպարյանն ու Վահե Զաքարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան