Ստեփանակերտում այս տարի սկսելու են նոր մարզամշակութային և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ 2018 թվականին ավարտվելու են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մանկապարտեզի, դպրոցի և կենցաղային տան շինարարական աշխատանքները: Հիմնադրամի միջոցներով սկսվելու են նաև Արցախի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի վերակառուցման գործընթացը, որի նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են. դրանք լրիվությամբ կավարտվեն մայիսին, որին կհաջորդեն շինարարական աշխատանքները:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստում հայտարարել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Բացի այդ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով ավարտին են հասցվելու Ասկերանի շրջանի Խնձրիստան, Իվանյան, Քռասնի, Մարտակերտի շրջանի Գետավան, Հադրութի շրջանի Տումի և Թաղասեռ գյուղերի հանդիսությունների տների և համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքները, Ստեփանակերտում ավարտվելու է համար 9 միջնակարգ դպրոցի կապիտալ վերակառուցումը և Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի նորակառույց դպրոցական շենքի շինարարությունը:
Նախարարը նշել է, որ ընթացիկ տարվա պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված կապիտալ ծախսերը կազմում են 14 միլիարդ 200 միլիոն դրամ, որը պետական բյուջեի 14 %-ն է:
2018 թ-ին շարունակվելու են Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան 120 հասցեում գտնվող հանրակացարանի վերակառուցման աշխատանքները:
Այս տարի Ստեփանակերտում սկսվելու են նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տարածքում նոր մարզամշակութային և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները, որի նախագծերը ևս գտնվում են մշակման փուլում: Ծրագրով նախատեսվում է ունենալ ունիվերսալ դահլիճ, որը կծառայի միջոցառումների համար, 100 տեղանոց ժամանակակից կինոթատրոն, 4 ուղիով բոուլինգ և տարբեր տարածքներ՝ ցուցահանդեսներ կամ այլ միջոցառումներ կազմակերպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին