Ադրբեջանն արհամարհանքով է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին. քաղաքագետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան նշանավորվեց հակառակորդի կրակոցից հայ զինվորի զոհվելով ևայդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի մասին հայտնի հայտարարությունով։ Ադրբեջանի գործողությունները ցույց տվեցին այդ երկրի նախագահի արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է եզրակացություններ անի։ Ալիևը, փաստորեն, ասում է, որ Մինսկի խմբի առաջարկություններն իր համար որևէ արժեք չունեն։ Իհարկե, մինչև այս էլ էր անընդհատ ասում այդ մասին, բայց այս անգամ առավել, քան հստակ հասկացրեց»,- նկատեց քաղաքագետը։
Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման առնչությամբ բազմիցս պարզ և հստակ առաջարկություններ է հնչեցրել, որոնց, սակայն, Ադրբեջանն այդպես էլ ականջալուր չի եղել։
«Առաջին առաջարկը վերաբերել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի անդամների ավելացմանը, երկրորդը՝ սահմանին հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրելուն։ Սրանք շատ էական առաջրկություններ են, և ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես հետևում է , որ դրանց շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Բայց Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների թվաքանակի ավելացման կետը դեռևս կասկածի տակ է։ Ադրբեջանը առայժմ չի ասել, երբ է համաձայնելու դրան։ Ուրիշ որևէ նորություն չկա, և բնական է, որ խմբի կողմից հերթական հայտարարություն պետք է լինի։ Այն նախորդներից ոչ մի բանով չի կարող տարբերվել»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարևորելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր հարթություններում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահն ընդունել է համանախագահներին
- Արցախում զինվորի սպանությունով Ադրբեջանն ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ. Էդվարդ Նալբանդյան
- Մարտակերտի շրջանում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
- Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին
- Մեկնարկել է Նալբանդյանի և համանախագահների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան