Ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի տարածումը չափազանց կարևոր է. վարչապետ
«Առողջ ապրելակերպի հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել: Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի, քանի որ մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի», - այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին ծանոթանալու ընթացքում։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետն անհրաժեշտ է համարել նաև ֆիզիկական կուլտուրա առարկայի միջոցով դպրոցներում երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն ու տարածումը:
Վարչապետին զեկուցվել է նաև սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման մասին: Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ուղղությամբ կոնկրետ միջոցառումների իրականցումը Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ:
Մեծապես կարևորվել է սոցիալապես անապահով և առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի տարածումը: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել և մաքսիմալ աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նրանք պետք է հնարավություն ունենան զբաղվել սպորտով, դա ուղղակի բոլորիս պարտքն է», - ասել է Կարեն Կարապետյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մարզային, համայնքային ղեկավարները պետք է դառնան ձեր քաղաքականության կրողներն ու տարածողները: Շատ արագ պետք է կանոնակարգենք մարզադպրոցների գործունեությունը՝ մասնավորի ներգրավմամբ: Սպորտային տուրիզմ, էկո տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ. մենք պետք է ունենանք հրապուրիչ առաջարկներ Հայաստանից՝ ներկայացնելով մեր բոլոր առավելությունները, քարոզչություն իրականացնելով նաև մեր հասարակության շրջանում: Ֆիզիկական կուլտուրա առարկան չափազանց կարևոր է՝ լինի դպրոց, տեխնիկում, թե բուհ, պետք է այս խնդրին պարտադիր հետևենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան