Համայնքների խոշորացումից հետո գյուղերում խնդիրները չեն պակասել. ՀԿ նախագահ
Թեև համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ քննադատություններ, այնուամենայնիվ, իշխանություններն այդ ծրագիրը իրականացրեցին, մինչդեռ այդ ծրագրում դրական ոչ մի բան չկա: Այս մասին այսօր այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ հավելելով, որ համայնքների խոշորացման հիմնական նպատակն էր ԵՄ-ից և ԱՄՆ-ից եկած գումարները «բաց չթողնել ձեռքներից»՝ չմտածելով անգամ, որ արտաքին պարտքն աճում է և այսօր արդեն իսկ հասել է 7 մլրդ ԱՄՆ դոլարի շեմին:
Նրա խոսքով՝ ծրագրի պատասխանատուները բերում են Գերմանիայի, Շվեյցարիայի, Անգլիայի օրինակը, սակայն այդ երկրներում գյուղերն ավելի շատ հիշեցնում են փոքր քաղաքատիպ բնակավայրերի. «Եվրապական գյուղերն ունեն բարեկարգ ճանապարհներ, շենքեր, իսկ Հայաստանի գյուղերը մատնված են անուշադրության, ճանապարհներն էլ քանդված ու փոշոտ են»:
Սարգիս Սեդրակյանը նշեց, որ խոշորացման փոխարեն պետք էր մտածել այդ գյուղերի զարգացման մասին: «Եթե խորհրդային տարիներին Արարատում, Արմավիրում ապրող գյուղացիները հող մշակելով հարստանում էին, հիմա նրանց մեծ մասը արտագաղթում են, իսկ ովքեր չեն գնում, նրանք հող մշակելով մեծ պարտքեր են կուտակում: Ասում են՝ զարգացնենք գյուղատնտեսությունը, բայց խուրմա ասելով բերանդ չի քաղցրանա: Պետք է լուրջ ծրագրեր մշակել, ֆինանսական միջոցներ հատկացնել: Բացի այդ վերին օղակներում պետք է համապատասխան կադրեր լինեն, որ լուրջ ծրագրեր մշակեն: Եթե դա լինի, ապա Հայաստանում իսկապես կարող են զարգացնել գյուղատնտեսությունը»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
Նրա խոսքով՝ այսօր գյուղերում աղետալի վիճակ է, արտագաղթը շարունակվում է, իսկ ամենացավալին, ըստ նրա, այն է, որ ամենուր հանդիպում ես փակ դռների:«Խոշորացումը ավելի կմեծացնի արտագաղթի ծավալը: Ասում են, որ խոշորացված համայնքների գումարը մեծանում է, բայց դա այդպես չէ, տրամադրում են այնքան գումար, որքան նախկինում տալիս էին առանձին համայնքներին, հիմա այդ ամենը կենտրոնացել է մեկ բյուջեում, այսինքն՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:
Այպիսով, ըստ նրա, համայնքների խոշորացումից հետո գյուղերում խնդիրները չեն պակասել, գյուղացիների համար էլ ոչինչ չի փոխվել:
Հարակից հրապարակումներ`
- «Խոշորացված համայնքների ընդհանուր բյուջեով թույլ բնակավայրերի խնդիրներն էլ են լուծվում»
- «Համայնքների խոշորացումը բերելու է դպրոցների ոչնչացման». քննարկում