Փաշինյանը՝ Արամ Սարգսյանի ու Արմեն Սարգսյանի գրկախառնության մասին
«Հատկապես վերջին չորսօրյա նիստերին ու արտահերթ նիստում օրակարգի քննարկման համատեքստում կարելի է ասել, որ տեղի է ունենում լիազորությունների գերկենտրոնացում վարչապետի շուրջ»,-ԱԺ այսօրվա ճեպազրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա կարծիքով, դա վտանգներ է ստեղծում Հայաստանի քաղաքական հետագա իրավիճակի համար:
«Սա լրջորեն մտահոգում է մեզ»,-ասաց նա:
Անդրադառնալով թանկացումների թեմայով հրավիրված առաջիկա արտահերթ նիստին, Փաշինյանը նշեց, որ վստահ չէ՝ ՀՀԿ-ն կներկայանա դրան, միաժամանակ փաստեց, որ այս գումարման ԱԺ-ում ընդդիմության հրավիրած առաջին արտահերթ նիստն է:
Լրագրողները հետարքրվեցին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից:
Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք, թե ինչ հարցեր ենք դրել, բայց չենք ասել, թե ինչ պատասխաններ է նա տվել: Մի պարզ պատճառով, մենք Արմեն Սարգսյանի խոսնակը չենք, որ ասենք, թե նա ինչ է ասել, կոմֆորտ չէ, ուրիշ մարդկանց ասածը հրապարակայնացնել: Կարող եմ ասել, որ նա այնպիսի հայտարարություններ է անում, որից կարելի է մեկնաբանել, ինքն ասում է, որ չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում»:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի ու «Ելք»-ից Արամ Սարգսյանի գրկախառնությանը, Փաշինյանը բացատրեց՝ նրանք ավելի քան 20 տարվա անձնական շփումներ ունեն, ընդ որում ընտանիքներով: