Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը
Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև՝ մինչև Ծաղկազարդ, Ավետարանը չի համբուրվում և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ չի բարձրացվում՝ ի տես ժողովրդին:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր: Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան