Մինսկի խումբն ունի նոր խնդիր՝ բանակցելի դարձնել Ադրբեջանին. Արմեն Ռուստամյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ հասցեականություն կար: Փետրվարի 12-ին ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով համանախագահների՝ ԼՂ հակամարտության կողմերին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալ բորբոքային հայտարարություններից և սադրիչ գործողություններից:
Նրա խոսքով՝ ՄԽ համանախագահները շատ թարմ հետքերով այստեղ եկան. մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր ամբիոնից, նախագահ դառնալու հավակնություն հանդես բերելով, իրեն բնորոշ այսպիսի հոխորտացող հայտարարություններով հանդես եկավ:
«Մինսկի խումբն ունի երկու խնդիր՝ մեկը, որ ասում էինք, պետք է բանակցություններում ընդգրկվի նաև ղարաբաղյան կողմը, հիմա ունի երկրորդ խնդիր՝ բանակցելի դարձնել Ադրբեջանին, այսինքն՝ բերել իրական բանակցությունների սեղան, որովհետև Ադրբեջանը այսպիսի հայտարարություններով, պահվածքով՝ մի բան ասել բանակցությունների ժամանակ, հետո գնալ, այլ ուղղությամբ պատրաստել երկիրն ու ժողովրդին, ուղղակի անբանակցելի կողմ է դարձել, և այս ձևով բանակցությունները շարունակել հնարավոր չէ»,- ասաց նա:
Ռուստամյանը մանրամասնեց՝ խոսքն այստեղ առնվազն բանակցելու նորմալ միջավայր ստեղծելու մասին է, որը միջնորդների հիմնական հանձնառությունն է, նրանք պետք է ստեղծեն միջավայր: ՀՅԴ խմբակցության ղեկավարը ընդգծեց՝ ի տարբերություն Ադրբեջանի ցանկությունների՝ Հայաստանում չեն ասում, թե համանախագահները կողմերից մեկին պիտի պաշտպանեն, նրա համար ընդունելի հայտարարություններ անեն:
Պատգամավորը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ վերջին՝ անթաքույց այդ հայտարարության մեջ խոսվում է Ալիևի ամպագոռգոռ հայտարարությունների մասին, քանի որ առնվազն այս ընթացքում Հայաստանից ոչ ոք չի լսել նման հոխորտացող հայտարարություններ: «Ադրբեջանական կողմը մնում է անսասան, կոշտ, անիմաստ ու անհեռանկար, այսինքն՝ բանակցությունների խափանող հիմնական գործոնը այսօր դարձել է Ադրբեջանը՝ իր վարչակազմով»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին