ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություն․ Զերծ մնալ իրավիճակը բորբոքող հայտարարություններից ու սադրիչ գործողություններից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ ունենալուց, այնուհետ փետրվարի 9-ից 11-ը Լեռնային Ղարաբաղ այցից ու ԼՂ դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ։
Հայտարարությամբ համանախագահներն ընդգծում են 2017թ․-ի հոկտեմբերին Ժնևում ու դրան նախորդող՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ստանձնած պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը։
Համանախագահները խոր մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին մարդկային կորուստների հետ կապված։ Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ լարվածությունը նվազեցնելու ու հրադադարի ռեժիմը հարգելու ուղղությամբ, ինչպես պայմանավորվել էին Ժնևում։
Համանախագահները նաև կոչ են անում կողմերին՝ ձեռնպահ մնալ իրավիճակը բորբոքող հայտարարություններից ու սադրիչ գործողություններից։
Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնելու հակամարտության խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների՝ ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման իրավունքի վրա։
Համանախագահները ողջունել են կողմերի մտադրությունը՝ շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը։
Նշվում է, որ ԼՂ կատարած այցի ժամանակ համանախագահները նաև այցելել են Զանգելան, Կուբաթլի, Աղդամ, Լաչին և Քելբաջար շրջաններ:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկի խումբն ունի նոր խնդիր՝ բանակցելի դարձնել Ադրբեջանին. Արմեն Ռուստամյան
- Ադրբեջանն արհամարհանքով է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին. քաղաքագետ
- Ադրբեջանի սուլթան Ալիևը՝ 21-րդ դարի Հիտլեր
- Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին
- ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է արել պահպանել շփման գծում առկա դրական միտումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան