Արցախյան հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ. Բուլղարիայի նախագահ
Բուլղարիան մշտապես կողմ է եղել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և սատարել է այս հարցում Եվրամիության դիրքորոշմանը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։
Նրա խոսքով, Բուլղարիան միշտ շատ հստակ դիրքորոշում է ունեցել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ և բազմիցս վստահություն հայտնել, որ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ծավալումը պետք է հիմնվի ավելի քիչ էմոցիաների, ավելի շատ՝ խոհեմության վրա»,- նշեց Ռադևը՝ հավելելով, որ Բուլղարիան իր հերթին կաջակցի այս դիրքորոշման կյանքի կոչմանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս անդրադարձավ Արցախյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու թեմաներին։
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտրությունների տեղափոխումն ապրիլ ամիս կապ ունի Ադրբեջանի կողմից հակամարտության լուծման գործընթացն արագացնելու հետ, ՀՀ նախագահը պատասխանեց. «Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին, կարծում եմ, որ տեղյակ եք: Չեմ հավատում, որ Ադրբեջանում հանկարծ անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին լուծում տալու առումով, բայց, ցավոք սրտի, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն և միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից։ Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում ու զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս մենք չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել։
Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել և լարվածությունը թուլացնել»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի առնչությամբ Բուլղարիայի դիրքորոշմանը` ՀՀ նախագահը նշեց, որ շնորհակալություն է հայտնել այդ երկրի նախագահ Ռումեն Ռադևին՝ հավասարակշռված դիրքորոշման համար, քանի որ Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է Եվրամիության դիրքորոշումը և կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը:
Անդրադառնալով ադրբեջանական մամուլի կողմից տարբեր երկրների՝ Արցախյան հակամարտության շուրջ դիրքորոշումների հաճախակի աղավաղումներին, ՀՀ նախագահը նկատեց.
«Ես հասկանում եմ, թե ինչու է Ձեզ (նկատի ունի լրագրողին- խմբ.) մոտ այդպիսի հարց առաջացել: Կարծում եմ` պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը իբր շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, իրականության մեջ դա պրովոկացիա էր, բայց մենք պրովոկացիաների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին ու գիտենք նրանց իրական դիրքորոշումը։ Ես շատ լավ հասկանում եմ նաև այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ընդամենը մեկ սկզբունքի մասին: Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում: Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հետ, բայց մենք պետք է տեսնենք, թե այդ երկրի սահմանադրությամբ, օրենքներով ո՞վ իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին: Այս հարցում մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում, նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ ստորագրված փաստաթղթում շատ հստակ ձևակերպումներ կան: ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ դա նշանակում է, որ այդ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ընդգծեց ՀՀ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին տարիներին հայ-բուլղարական առևտրաշրջանառության ցուցանիշենրը շոշափելի աճ են արձանագրել. ՀՀ նախագահ
- ՀՀ նախագահի նստավայարում կայացել են հայ-բուլղարական ընդլայնված կազմով բանակցություններ
- Բուլղարիայի նախագահ. Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության չորս շատ կարևոր փաստաթուղթ
- Բուլղարիայի նախագահը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
- Պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան