
Բուլղարիայի նախագահը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
Պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևն այսօր առավոտյան այցելել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նա ծաղկեպսակ է դրել հուշարձանին, եղևնի տնկել, այցելել Հայոց Ցեղասպանության ինստիտուտ թանգարան:
Ծիծեռնակաբերդում Բուլղարիայի նախագահին ուղեկցել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք:
Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի Նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն:
Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում է նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը կայցելի նաև Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց: