ՀՀ-ում 2 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ օգտվում է արևային ջրատաքացուցիչներից. փոխնախարար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ նշեց, որ 2017 թվականին այստեղ լուրջ հաջողություններ են գրանցել:
Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն իսկ առկա է «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությանը միացված 252 արևային կայան` 2.5 մեգավատ հզորության, ևս 30-ը շուտով կմիանան ցանցին: Բացի այդ, նախորդ տարի գործարկվել են 3 արևային համակարգային կայաններ, որոնք միացել են ցանցին և վաճառում են իրենց կողմից արտադրված էներգիան «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին։ Այս տարի, ըստ նրա, նախատեսվում է գործարկվել նմանատիպ ևս 8 կայան:
Հայկ Հարությունյանը նշեց, որ 1-2 ամիս հետ կներկայացնեն նաև «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի արդյունքները: Մրցույթի պայմաններից մեկն այն է, որ պետք է առաջարկեն ցածր և մրցունակ սակագին արևային ֆոտովոլտային կայանների համար: «Մրցույթին մասնակցել է 60-ից ավելի կազմակերպություն, նախաորակավորման փուլն անցել է 10 ընկերություն: Բոլորն էլ միջազգային ընկերություններ են, մասնավորապես, Կորեայից, Հնդկաստանից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ մրցույթի մասնակիցների թվում հայկական ընկերություններ չկան, քանի որ նախաորակավորման պայմանները շատ խիստ են եղել` կապված նմանատիպ ծրագրերի փորձի, ընկերության ֆինանսական վիճակի հետ և այլն:
Հայկ Հարությունյանը հայտնեց, որ Հայաստանում ավելանում է նաև արևային ջրատաքացուցիչներից օգտվողների թիվը:
Նրա խոսքով՝ նախորդ տարի լայնածավալ աշխատանք են իրականացրել չգազիֆիկացված համայնքներում: Մասնավորապես, Լեռնամերձ համայնքն ամբողջությամբ հելիոֆիկացվել է, տեղադրվել են արևային վահանակներ բոլոր տների տանիքներին:
«Այդ ծրագրի դրական արդյունքներից ելնելով` մշակեցինք նոր ծրագիր չգազիֆիկացված համայնքների համար: Տարվա ընթացքում 310 հավելյալ տեղադրումներ կատարվեցին հատուկ ծրագրի շրջանակներում, 300-ից ավելի էլ տեղադրումներ եղան տարբեր վարկային ծրագրերով: Մեր գնահատականներով՝ ներկայումս հանրապետությունում 2 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ օգտվում է արևային ջրատաքացուցիչներից և 252-ը` արևային ֆոտովոլտային կայաններից: Երբ նայում ենք դինամիկան, տեսնում ենք, որ 2014 թվականից ի վեր արևային ջրատաքացուցիչների թիվն ամեն տարի կրկնապատկվում է»,- ընդգծեց Հայկ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երբեք չենք ասել, թե հայկական ատոմակայանը հավերժ աշխատելու է. Հայկ Հարությունյան
- Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանինն է. Հայկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան