Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանինն է. Հայկ Հարությունյան
Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանինն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝անդրադառնալով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հայտարարությանը, թե Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին:
Փոխնախարարի խոսքով՝ մինչ այսօր Իրանի կողմից չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ, քան ռուսականն է:
«Երբ ավելի մրցունակ գին կունենանք, այդ հարցը կքննարկենք, բայց մենք չունենք և այնպես չէ, որ այդ հարցը մեր օրակարգում չէ: Հայաստանն է շահագրգռված ավելի մատչելի գնով գազ ձեռք բերել»,- ասաց նա:
Հայկ Հարությունյանը հայտնեց, որ 2017 թվականին Հայաստանը Իրանից ներմուծել է 382 մլն 700 հազար խմ գազ, ինչը 2016 թ-ի համեմատ աճել է 2,7 %, իսկ ՌԴ-ից ներմուծվել է 1 մլրդ 996 մլն խմ գազ՝ աճը 2016 թ-ի համեմատ կազմելով 7%:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը Իրանի հետ շարունակում է աշխատել. «Նախատեսում ենք գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում ծավալների ավելացում, և ոչ մի սահմանափակում չկա, ընթացիկ բանակցություններ են, որոնք տարվում են մշտապես: Ծավալներն ավելացնելու որևէ խոչընդոտ չեմ տեսնում, և այս տարի էլ ավելացումը լինելու է բավականին տեսանելի»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան