Որքան էլ Արմեն Սարգսյանը լավ մարդ է, առաջադրվում է ոչ լեգիտիմ կառույցի կողմից. Արամ Մանուկյան
Սուպերվարչապետության հիմքը դրվեց դեռ երկու տարի առաջ՝ կեղծ, չընդունված Սահմանադրության մեջ: Սա կոչվում է իրավաբանական նիհիլիզմ, երբ ոչ թե մարդն է ենթարկվում օրենքին, այլ՝ օրենքը մարդուն: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, ազգակործան այս գործընթացին ընդդիմացողները քիչ են, մեկի կամքը օրենք է դարձել բոլոր համակերպվողների համար:
«Ո՞վ է այլընտրանք ներկայացնում, ո՞վ է այն ըմբոստը, ով կանգնում և ասում է՝ մի արեք նման բան: Համակերպման արդյունքում տեղի է ունենում արտագաղթ: Այլընտրանքի տեղ չունեցող մարդն ի վերջո լքում է երկիրը»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով նոր կարգին, որի համաձայն Անվտանգության խորհրդի կազմում չեն լինելու ՀՀ նախագահը և ԱԺ նախագահը, Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ օրենսդիր մարմնի ղեկավարը չի կարող չլինել այդ խորհրդի կազմի մեջ, նա անկասկած պետք է լինի այդ խորհրդում:
«Սա իրավական նիհիլիզմ է, ակնհայտ է, որ բոլոր գործընթացները տանում են դրան»,- նշեց քաղաքական գործիչը:
ՀԱԿ գործիչն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը եկել է, սակայն որևէ մեկի մոտ նույնիսկ միմիկա չի շարժվել, որևէ մեկի մոտ քաղաքական կարծիքների բախում չի առաջացել:
«Արմեն Սարգսյանը սյուրպրիզ էր, ՀՀԿ-ականները չգիտեին նրա մասին: Եվ նա կոչվելու է նախագա՞հ: Քաղաքական դաշտն ամուլ է, քաղաքացին այնտեղ խաղացող չէ»,- ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուի հետ բուն հանդիպմանը՝ՀԱԿ փոխնախագահը նկատեց, որ հանդիպման ընթացքում ներկայացրել են իրենց՝ բավական կոշտ ասելիքը:
«Նա քսան տարի կարծիք չի արտահայտել այն հարցերի շուրջ, որոնց պատճառով տառապում է հայ ժողովուրդը՝ Ղարաբաղ, կոռուպցիա, արտագաղթ, կեղծված ընտրություններ: Որքան էլ նա լավ գիտնական կամ լավ մարդ է, առաջադրվում է ոչ լեգիտիմ կառույցի կողմից»,- ընդգծեց նա:
Բանախոսը նաև նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ժողովուրդն իրեն պահեց հերոսի նման, ընտրակաշառք չվերցրեց: Քաղաքական ուժերը, սակայն, աջակից չեղան նրան:
«Եթե այն ժամանակ ժողովրդի նման ամուր կանգնեին քաղաքական ուժերը, սահմանադրական փոփոխությունները չէին անցնելու: Այն ժամանակ «Ոչ»-ը չդարձավ իրականություն: Ոչ համարձակ լինելու, կեղծ օրակարգերի պատճառով կորցրեցինք ընձեռնված հնարավորությունը»,- ափսոսանք հայտնեց Արամ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» վարչության անդամների հետ
- Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում
- Պատրաստ եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․ Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյան. Եկել եմ ձեզ լսելու
- Ո ՞րն է արցախյան օրակարգը. Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդես է եկել ճեպազրուցով
- Արմեն Սարգսյանը հանդիպել է Միլանի Հայ ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան