Կինոստուդիան ներողություն է խնդրել սննդից ալերգիայի «ոչ նրբանկատ» տեսարանի համար
«Փիթեր ճագարի արկածները» նոր ֆիլմի հեղինակները ներողություն են խնդրել այն բանից հետո, երբ կերպարներից մեկի՝ ուտելիքի նկատմամբ ալերգիան ցուցադրող տեսարանը սուր քննադատության առիթ է դարձել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայության կայքը:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ մի քանի ճագար իրենց հակառակորդի ուղղությամբ մոշի հատիկներ են նետում, որոնցից նա ալերգիա ունի: Sony Pictures կազմակերպությունն ու ֆիլմի հեղինակները միասնական հայտարարություն են տարածել, որում խոստովանել են, որ պետք չէր այդքան թեթևամտորեն վերաբերվել այս հարցին:
Սոցցանցերում պատրաստակամություն էին հայտնում բոյկոտել այս ֆիլմը, անգամ հատուկ հեշթեգ էին ստեղծել՝ #boycottpeterrabbit: «Մենք խորապես ափսոսում ենք, որ բավարար տեղեկացված չենք եղել իրավիճակի մասին և առավել նրբանկատորեն չենք մոտեցել հարցին: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է դիմում-հայտարարության մեջ: