Չի բացառվում, որ ընտրություններին նախընթաց՝ Ալիևը փորձի ռազմական գործողություն ծավալել. Սաֆրաստյան
Ադրբեջանում զարգացումները բավական սրվել են: Պատճառը քաղաքական ճնշումներն են: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը սեփական իշխանության պահպանման, երկարձգման համար փորձում է վաղաժամկետ կերպով բնակչությանն իր շուրջը համախմբել՝ էլ ավելի ակտիվացնելով ռազմատենչ հռետորաբանությունը:
Թուրքագետի կարծիքով, մենք երբեք չպետք է կորցնենք մեր զգոնությունը, քանի որ չի բացառվում, որ ընտրություններին նախընթաց՝ Ալիևը փորձ կատարի ռազմական գործողություն ծավալել՝ ամրապնդելու իր դիրքերը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ Երևանը գրավելու կոչին, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ սա առավելապես ներքին սպառման համար արված հայտարարություն էր, սակայն հայկական կողմը ստեղծված իրավիճակում պետք է զգոնություն ցուցաբերի: «Զգոնությունը մեզ համար կենսական նշանակություն ունի: Որ Ադրբեջանը տարիներ շարունակ հարվածներ է ուղղում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, նորություն չէ: Նորություն չէ նաև, որ այդ հարվածները ժամանակ առ ժամանակ սուր բնույթ են կրում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանն իսկապես կհրաժարվի այդ փաստաթղթերից: «Թուրքիայում վերջին տարներին կարևոր փոփոխություններ են տեղի ունենում: Էրդողանը մեր աչքի առաջ շատ կարևոր կերպարանափոխություն է ապրում: Եթե մինչ այժմ նա հանդես էր գալիս որպես իսլամական գործիչ, ապա այժմ տեսնում է, որ այդ ռեսուրսը սպառել է իրեն և փորձում է նոր ռեսուրս ստեղծել՝ իր իշխանությունը պահելու համար: Իսկ նոր ռեսուրսը պանթյուրքիզմն է: Սա նշանակում է, որ Թուրքիան ավելի ագրեսիվ է դառնում»,- ամփոփեց թուրքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի սուլթան Ալիևը՝ 21-րդ դարի Հիտլեր
- Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններով Ալիևը ժամանակային խնդիր է լուծում. Վարդան Ոսկանյան
- Քաղաքագետ. Ադրբեջանին սպառնացող խնդիրներով է պայմանավորված Ալիևի որոշումը. «Հայկական ժամանակ»
- Ալիևի հրամանագրով ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին