Էրդողանի արտաքին քաղաքականության գործիքները` Օսմանյան ապտակ ԱՄՆ-ին, ոտքերի կոտրվածք` Հունաստանին
Այն որ, Թուրքիայի նախագահ Էրդողանը մեծ համակրանքով է վերաբերվում Օսմանյան կայսրությանը և ամեն կերպ փորձում է վերականգնել օսմանյան ժառանգությունը, այլևս ոչ մի կասկած չի թողնում: Այժմ հերթը հասել է օսմանյան ձեռնամարտի հնարքների վերականգնմանը` այն էլ միջազգային հարաբերությունների մակարդակով:
Փետրվարի 13-ին ելույթ ունենալով կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստին` նախագահ Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է «Օսմանյան ապտակով»: Նա դա արել է ի պատասխան Իսլամական պետության դեմ ԱՄՆ ղեկավարած դաշինքի հրամանատար, գեներալ Պոլ Ֆանկի հայտարարությանը, ով ասել էր, որ Թուրքիան կտրուկ պատասխան կստանա, եթե Սիրիայում հարձակվի Մանբիջի վրա: «Նրանք ովքեր կասեն, որ հարվածելու դեպքում կտրուկ պատասխան կտան, ակնհայտորեն երբեք իրենց կյանքում Օսմանյան ապտակ չեն ստացել»: Օսմանյան ապտակը (Osmanlı tokadı) օսմանյան բանակում կիրառվող մերձամարտի կիսալեգենդար հնարք էր` բաց ափով ուժեղ հարված, որը կարող էր լուրջ վնասվածքներ հասցնել ստացողին:
Նույն ելույթում Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ին, նշելով, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը նույնը չեն և դաշինքի բոլոր անդամներն հավասար են: Վերջին շրջանում Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վատթարացման ֆոնի վրա Անկարայից հնչող նման կտրուկ հայտարարությունները սպասելի են: Օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը նույնպես հստակություն էր պահանջել ԱՄՆ-ից` սպառնալով խզել կապերը ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հերթական լարվածության փուլ մտան, երբ հունվարին թուրքական ուժերը ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի քրդաբնակ Աֆրինում: Սիրայի քաղաքացիական պատերազմում ԱՄՆ-ն աջակցում էր քրդական ուժերին` YPG-ին, և հենվում էր նրանց վրա՝ Իսլամական պետության դեմ մղած պայքարում:
Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությունը չի սահմանափակվում միայն արևելյան ճակատով: Արևմտյան սահմանների վրա էլ թուրքական պետությունը հարաբերությունների սրման է գնում ՆԱՏՕ-ի մեկ այլ դաշնակցի` Հունաստանի հետ: Հունական աղբյուրների փոխանցմամբ` երեկ թուրքական առափնյա պաշտպանության նավը խոյահարել է հունական պարեկային նավին` Էգեյան ծովում գտնվող վիճելի կղզիների շրջակայքում: Ավելի վաղ նախագահ Էրդողանի ավագ խորհրդատու Յիգիթ Բուլուտը սպառնացել էր «կոտրել Հունաստանի վարչապետի կամ այլ նախարարի ոտքերն ու ձեռքերը», ովքեր կհամարձակվեն ոտք դնել Իմիա կղզու վրա:
Տարածաշրջանում լարվածությունը աճել է նաև այն բանից հետո, երբ Թուրքիան ռազմանավեր է տեղակայել՝ արգելափակելու համար գազ արդյունահանելու նպատակով դեպի Կիպրոսի ափեր գնացող հորատող նավի ընթացքը: Այս թեմայի շուրջ ևս Էրդողանը հանդես է եկել կտրուկ ու սպառնալիքով լի խոսքերով:
Տպավորություն է ստեղծվում, որ ուժի կիրառումը և դրա սպառնալիքը դարձել են Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական գործիքները, ինչը խոսում է տարածաշրջանում իրավակարգի ու ուժերի հավասարակշռության խախտման մասին: Նույնիսկ անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ անդամության թեկնածությունը, չեն խանգարում Թուրքիային սպառնալ իր դաշնակիցներին:
Չանդրադառնանք նման վարքագծի պատճառներին, նշենք միայն, որ եթե աշխարհի համար մեկ գերտերության նախագահը կարգախոս ընտրի «Ամերիկան առաջինը», ապա դրա արձագանքերը տարածաշրջանային հեգեմոնիայի հավակնություն ունեցող երկրների մոտ կդրսևորվեն նման եսակենտրոն ու ուժային տեսքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան