Հայաստանն իր աղքատության և գործազրկության ցուցանիշներով, դեռևս զիջում է տարածաշրջանի երկրներին. Գագիկ Մակարյան
Հայաստանի տնտեսության համար 2017 թվականը հաջողված տարի էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
«Տնտեսության զարգացման և բարեփոխումների կարևոր հիմքեր են դրվում և այդ սյուներն աստիճանաբար սկսել են ձևավորվել»,- նշեց նա՝ հավելելով, որ նախորդ տարվա տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր արդյունաբերության զարգացումով:
Մասնավորապես, ըստ Գագիկ Մակարյանի, աճել է մետաղյա իրերի, շինարարական նյութերի, պահածոների, հրուշակեղենի, մսամթերքի, ինչպես նաև տրիկոտաժեղենի արտադրությունն ու արտահանում: «Տուրիզմի զարգացման պատճառով՝ սպիտակեղենի և մսամթերքի արտադրության ծավալները բավականին մեծացել են: Արտադրության աճը պայմանավորված է ոչ թե նրանով, որ շարքային քաղաքացիներն են սկսել ավելի շատ սպիտակեղեն կամ միս գնել, այլ արտահանման ծավակներն են ավելացել, ինչպես նաև հյուրանոցներն ու հյուրատներն են դրանք ձեռք բերել»,- նշեց նա:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ Հայաստանում դինամիկ կերպով զարգանում է նաև ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու արտահանումը: Ըստ նրա՝ եթե նախկինում Հայաստանից հիմնականում կոնյակ էր արտահանվում, հիմա՝ տարբեր տեսակի մրգային ալկոհոլային խմիչքներ ու գինիներ: «Այպիսով, 7,7% տնտեսական աճին, որ ներկայացնում են պետական մարմիները, սկզբունքորեն կարելի է հավատալ, քանի որ տնտեսական ակտիվությունն իսկապես կա: Բացի այդ, արտահանման ծավալներն են ավելացել՝ հասնելով մոտ 2 մլրդ 240 մլն-ի, ինչը կազմում է ներմուծման մոտ 54 տոկոսը: Այսինքն՝ եթե նախկինում մենք քննադատում էինք, որ արտահանումը կազմում էր ներմուծման ծավալների 1/3-ը կամ 1/4-ը, հիմա արդեն արտահանումն ավելացել է»,- ընդգծեց նա:
Բանախոսը նաև կարևորեց տուրիզմի աճը, որը մուլտիպլիկատիվ նշանակություն է ունենում նաև այլ ոլորտների վրա: Ըստ նրա՝ տուրիզմի աճով զարգանում է և հյուրանոցների բիզնեսը, և սննդամթերքի, մսամթերքի, կիսաֆաբրիկատների արտադրությունը, և այլ ծառայությունները:
«Սակայն պետք է նշել, որ տնտեսական աճն արձանագրել ենք ոչ միայն կառավարության, այլ նաև գործատուների շնորհիվ, որոնք կատարում են ներդրումներ, կարողանում են մրցունակ արտադրանք թողարկել , գնային քաղաքականաություն վարել, արտաքին շուկաները գրավել: Իհարկե կարևոր են նաև ղեկավարության դիվանագիտական քայլերը, որի արդյունքում Հայաստանի վարկանիշը բարձրանում է»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանն իր աղքատության և գործազրկության ցուցանիշներով, դեռևս զիջում է տարածաշրջանի երկրներին: Նրա խոսքով՝ նախորդ տարի աղքատությունը չի նվազել և 2018 թվականին ևս չի նվազի. «Հայաստանում աղքատությունը կազմում է 29, 4 տոկոս, իսկ դա նշանակում է՝ մենք այդ ցուցանիշով դեռևս կմնանք տարածաշրջանում ամենավատ ցուցանիշ ունեցող երկիրը»:
Ինչ վերաբերում է գործազրկությանը, բանախոսը նշեց, որ տվյալները դեռ ամփոփված չեն, բայց հնարավոր է՝ 1-2 տոկոսով այն նվազի: