Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության 2018-ի անելիքները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը, կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից:
Երևանի վարչական շրջանների 7 դատարանները միավորվել են մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կազմում, ինչն ըստ նախարարի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր վարչական շրջաններում առկա էր դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածություն, իսկ դատավորների թիվն ավելացնելն ինքնին հարցը չէր լուծի, քանի որ դրա համար անհրաժեշտ է ենթակառուցվածք, տարածքներ և այլն:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս կերպ համահարթեցվում է դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը դրական ազդեցություն կունենա դատական ակտերի կայացման տևողության վրա: Զեկուցվել է նաև, որ 10-ով ավելացվել է դատավորների թիվն այն հատկապես այն ուղղություններում, որտեղ առավել անհրաժեշտություն կար: Նախարարն ընդգծել է, որ ներդրվել են մի շարք այլ գործիքներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ընթացիկ տարվա ընթացքում:
Վարչապետ Կարապետյանը հատուկ կարևորել է դատարանների բեռնաթափմանն ուղղված միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի հետագա բարելավմանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքներից կարևորվել են ապօրինի հարստացման քրեականացումը, շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի ընդլայնումը, ազդարարների պաշտպանության ապահովումը, Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումն ու կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը:
Պետություն-մասնավոր հատված համագործակցության որպես լավագույն օրինակ նշվել է պետական մարմինների գործառույթները մասնավոր հատվածին պատվիրակելու գործընթացը: Ներկայում պետական ծառայություններ մատուցող օպերատորների թիվն ինն է, որոնց պատվիրակված է շուրջ 67 ծառայություն: 2017 թվականի դեկտեմբների 31-ի դրությամբ պետական մարմինների գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվել է 1722 ծառայություն: Կարեն Կարապետյանը ողջունել է այս գործընթացի իրականացումը, օպերատորների ու մատուցվող ծառայությունների ընդլայնումը, միաժամանակ առաջարկել շարունակել անձանց նշված հնարավորությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, վերահսկողությունն ու դատապարտյալների վերաինտեգրումն ապահովող ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և աշխատանքները, մասնավորապես, Երևան քաղաքում, Արարատի և Լոռու մարզում Էլեկտրոնային հսկողության համակարգի փորձարկման արդյունքները:
Ընդգծվել է, որ Արդարադատության նախարարության 2018 թվականի աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու բիզնես ռեգիստրի ստեղծմանը, քրեական պատիժների համակարգի գաղափարախոսության փոփոխմանը, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության և սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակի ստեղծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում