Մինչև ապրիլ կիրագործենք ՀՀ նախագահի հանձնարարականը. ՊԵԿ նախագահ
Արարատյան մաքսատուն-վարչությունում ներկայացվել են սպասարկման նոր սրահի գործառույթները: Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հանձնարարականով խնդիր է դրվել՝ բիզնեսին մատուցել արագ, քաղաքակիրթ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է. «Նոր սրահի գործարկումն այդ շղթայի մի օղակն է, մինչև ապրիլ կիրագործենք ՀՀ նախագահի հանձնարարականը և մաքսային գործին առնչվող ամբողջ գործընթացը կտեղափոխենք էլեկտրոնային հարթակ, ինչն ավելի դյուրին կդարձնի տնտեսվարողների գործունեությունը՝ կազմակերպելով աշխատանքն անմիջապես գրասենյակներից»:
Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մաքսատանն առանձնացվել և հիմնովին վերանորոգվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ՝ մեկ հարկի տակ կենտրոնացնելով մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր գործառույթները, այդ թվում՝ գանձումների մասով:
Սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով: Ժամանակակից լուծումներով և տեխնոլոգիաներով հագեցած կառույցը նոր որակ է հաղորդում արտաքին տնտեսական գործունեության սպասարկմանը: Մաքսատան առաջին հարկում տեղադրված մոնիթորի միջոցով տնտեսվարողները հնարավորություն ունեն հետևել սպասարկման սրահի աշխատանքներին: Իսկ հերթագրումն իրականացվում է համակարգչային եղանակով, դրանով գործընթացը դարձնելով առավել թափանցիկ, բացառելով մաքսավոր-բիզնես նախնական պայմանավորվածության հնարավորությունը: Մեկ այլ նորամուծությամբ էլ տնտեսվարողը, սպասարկվելուն զուգահեռ, համակարգչով միաժամանակ դիտարկում է սպասարկող մաքսային տեսուչի աշխատանքը և հետևում ձևակերպումներին:
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ նոր փոփոխություններով սպասարկումը դարձել է ավելի արագ, պարզ և քաղաքակիրթ, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում