Forbes-ը կազմել է գործերի ցուցակ, որոնք գերադասելի է անել Երևանում
Forbes Woman-ը կազմել է այն գործերի ցուցակը, որոնք հեշտ է անել Մոսկվայում, սակայն գերադասելի է անել Երևանում:
1. Մոռանալ ղեկի մասին և ոտքով շրջել
Երևանում գրեթե չկան միանման փողոցներ կամ շենքեր: Կգտնվեն և վարդագույն տուֆից շինություններ՝ նեոկլասիցիզմի շրջանից, և կոնստրուկտիվիզմի շրջանի կառույցներ և իսկական հետնախորշեր: Տների պատուհանների նախշազարդերը նման են Հայաստանի եկեղեցիների նախշազարդերին, դրանք նույնպես չեն կրկնվում:
Քաղաքի պատմական հատվածն ամբողջությամբ նախագծվել է 1920 թ.՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից: Հենց 1920 թ. Երևանը մայրաքաղաք դարձավ և սկսեց իր ներկա դիմագիծը ստանալ: Թամանյանին նվիրված հուշարձանը կանգնեցված է Կասկադում՝ այցելության համար պարտադիր այդ վայրում: Դա բազմամակարդակ հուշարձան է՝ աստիճաններով և ցայտաղբյուրներով, իսկ ներսում Գաֆեսճյան արվեստի կենտրոնն է:
Մշակութապես ավելի հարստանալու համար կարելի է այցելել հին ձեռագրերի պահոց Մատենադարան: Այստեղ 17 000 ցուցանմուշների շարքում կարելի է գտնել 7-րդ դարի Ավետարան՝ գրված մագաղաթի վրա, ինչպես նաև ամենամեծ հայկական ձեռագիրը, որ կշռում է 27,5 կգ:
2. Համերգ գնալ, ցանկալի է՝ ջազ-համերգ
Այստեղ ջազ են լսում և նվագում դեռ 1938 թ.-ից սկսած: Հայաստանում մշտապես կազմակերպվում են բազմաթիվ երաժշտական և այլ մշակութային իրադարձություններ:
3. Մեկնել քաղաքից դուրս
Արժե մի փոքր հեռանալ Հայաստանի մայրաքաաղաքի սահմաններից, այնտեղ ձեր առջև կբացվեն գրավիչ լեռնային տեսարաններ և կոլորիտային գյուղեր:
Երևանի մոտակայքում գտնվող տեսարժան վայրերից է Սևանա լիճը, որ գտնվում է ծովի մակարդակից 1916 մ բարձրության վրա: Սա ամբողջ Կովկասում ամենամեծ լեռնային լիճն է, նրա մեջ հոսում է 28 գետ: Վարկածներից մեկով՝ ծովի անունը գալիս է այստեղ գտնվող սև տուֆից կառուցված հնագույն վանքի՝ Սևանավանքի անունից:
Երևանից 28 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի հովտում է գտնվում Գառնիի հեթանոսական տաճարը, որը հելլենիզմի դարաշրջանին է վերաբերում և իր հսկայական սյուներով հիշեցնում է հունական ճարտարապետությունը: Այն քանդվել է 1679 թ.՝ երկրաշարժի հետևանքով, ապա՝ խորհրդային ժամանակ ավերակներից վերականգնվել է:
Երևանից ոչ հեռու է տեղակայված Երևանի կոնյակի գործարանը՝ այստեղ լեգենդար խմիչքը անցնում է պատրաստման բոլոր փուլերը՝ խաղողի հավաքումից մինչև տեսակավորում:
4. Լավաշ ուտել, և էլի ինչ-որ համեղ բան
Հայկական ավանդական խոհանոցը միայն լավաշը չէ: Այդուհանդերձ, անմիջապես թոնրից հանած լավաշն արժե փորձել: Ու անպայման՝ մեջը դնել բանջարեղեն, պանիր ու թարմ կանաչի:
Այլ խոհանոցային ուրախություններից. Պանրի բազմաթիվ տեսակներ՝ չեչիլ ու չանախ, խաշ, որը լեռնային շրջանում ապրողները պատրաստում են օրերի ընթացքում, քյուֆթա (միսը՝ կոնյակով ու հալած կարագով), իսկ ռուսական օվսյանկայի համարժեքը հարիսան է՝ հաճարից ու հավի մսից պատրաստված շիլան:
5. Համտեսել ոչ թե փրփրուն գինի, այլ կոնյակ
Ամբողջությամբ գնահատելու համար՝ որքան բազմափուլ գործընթաց է անցնում կոնյակը՝ մինչև ավանդական տեսքով խանութների դարակներում հայտնվի, կարելի է այցելել Երևանի կոնյակի գործարան: Այնտեղ կարելի է իմանալ բոլոր մանրամասները թորման և խառնուրդի մասին, իսկ որ ամենակարևորն է՝ տարբեր հնեցման կոնյակներ փորձել: Դրանց մեջ կան նաև 1934 թ. կոնյակներ: