Արա Բաբլոյան. «Միասին» ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա բացահայտել նոր հեռանկարներ
«Վերջին քառորդ դարում հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են՝ հասնելով դաշնակցայինի, որը բավարարում է մեր ժողովուրդների կենսական շահերը և ձգտումները»,-այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ելույթ ունենալով Մոսկվայում «Միասին» ցուցահանդեսի բացմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Պետական դումայում բացված ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին:
Ցուցահանդեսի խորագիրը Բաբլոյանը խորհրդանշական է համարել, իսկ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար:
«Անցյալ տարի Հայաստանը և Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նոր շրջափուլ մեր ժողովուրդների փառավոր պատմության մեջ: 300 տարի առաջ հիմնադրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը՝ հոգևոր կենտրոնը Ռուսաստանի հայերի, որոնք հավատարմորեն ծառայում են իրենց նոր հայրենիքին՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը»,-նշել է ԱԺ նախագահը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների անկյունաքարն է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի քսանամյակը նշել ենհոբելյանական 2017 թվականին:
Ըստ աղբյուրի, «Միասին» ցուցահանդեսում ընդգրկված են այնպիսի ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ՝ տեղեկատվական ու նորարարական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և գինեգործությունը, սննդարդյունաբերությունը, զբոսաշրջությունը և այլք: Ներկայացված են թե ընկերություններ, որոնք լավ հայտնի են ռուսաստանյան սպառողին, թե այնպիսիք, որոնք դեռ նոր պետք է իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնեն ռուսական շուկայում:
«Ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա հարստացնել մեր երկկողմ համագործակցությունը, բացահայտել նոր հեռանկարներ՝ փոխադարձաբար միավորելով մեր տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ներուժը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հետաքրքիր ցուցահանդեսի կազմակերպմանը: Բարի գալուստ ցուցահանդես, հուսով եմ՝ բոլորդ հետաքրքրված կլինեք»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:
Նշենք, որ խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում