Պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք. Աշոտ Մանուկյան
«Առաջիկա 1-2 տարում մենք պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք»,- այս մասին նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ հանդիպմանը։
Նախարար Մանուկյանը գոհունակություն է հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ այս համագործակցությունը կընդլայնվի և կզարգանա:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախարարն անդրադարձել է վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես՝ արևային կուտակիչ կայանների կառուցմանը: Այդ համատեքստում զրուցակիցներին է ներկայացրել նաև «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ով նշել է, որ ՄԹ կառավարությունը պատրաստ է խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումների ներգրավմանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկայի բնագավառի մասնագետների վերապատրատման նպատակով համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծումը:
Խոսելով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին՝ նշվել է, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեպանատան հետ փոխգործակցությունը կնպաստի, որպեսզի 2019թ. Հայաստանն, անցնելով միջազգային վավերացման գործընթացը, կարողանա ճանաչվել նախաձեռնության ստանդարտներին համապատասխանող երկիր:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը: