Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել
Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Դինքի գործով զբաղվող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը քննության է առել կասկածյալներ Օքան Շիմշեքի և Վեյսել Շահինի բողոքը։ Վերջիններս կալանքի տակ էին գտնվում, սակայն դատարանը բավարարել է նրանց բողոքը և ազատ արձակել։
Դատական վճռում որպես հիմնավորում է նշվել այն հանգամանքը, որ Շիմշեքն ու Շահինը իրենց պարտականությունների շրջանակներում ստացված տեղեկությունները առանց ուշացնելու հաղորդել են վերադասներին, չեն օգտվել «Bylock» բջջային հավելվածից։ Դատարանն ընդգծել է, որ կալանավորումը այս երկու կասկածյալների համար եղել է միայն որպես խափանման միջոց, բացի այդ, հնարավոր է, որ փոխվի նրանց առաջադրված մեղադրանքի բնույթը։
Միևնույն ժամանակ, դատարանը Շահինին և Շիմշեքին արգելել է երկրից հեռանալ և նրանց նկատմամբ դատական վերահսկողություն է սահմանել։
Օքան Շիմշեքը և Վեյսել Շահինը Հրանտ Դինքի սպանությունից առաջ եղել են Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի աշխատակիցներ և Ջոշքուն Իղիջիից տեղեկացել են, որ նախապատրաստվում է Դինքի սպանությունը։ Դատարանում ցուցմունք տալիս նրանք նշել են, որ այդ տեղեկությունը ժամանակին հաղորդել են հետախուզական բաժնի ղեկավարությանը, սակայն որևէ գործողություն ձեռնարկելու հրահանգ չեն ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Դինքի սպանությունից հետո Թուրքիան ազատ խոսքի նկատմամբ առավել անհանդուրժող է դարձել. թուրքագետ
- Դինքի սպանողներին ազատ արձակելով՝ Թուրքիան շահում է ազգայնականների բարեհաճությունը. թուրքագետ
- Դինքի գործով կասկածյալ. «Ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են»
- Դինքի մարդասպանին «անվտանգության նկատառումներից ելնելով» տեղափոխել են մենախուց
- Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվել
- Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հրանտ Դինքի ու Գարո Փայլանի մասին