Զ. Հովհաննիսյան. Ավագանու երեկվա նիստում սեռական ոտնձգության փորձ է եղել
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը ներողություն է խնդրում երևանցիներից, քանի որ չի կարողացել կանխել երեկվա նիստում տեղի ունեցածը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ նա ու «Ելք»-ից Արայիկ Հարությունյանը երեկ ծեծկռտուքի ժամանակ հայտնվել էին «Երկիր Ծիրանի» խմբակցությունից Մարիեն Խաչատրյանի ու ավագանու ՀՀԿ-ական անդամների միջև, փորձում էին կանխել փոխադարձ ապտակներն ու բռնությունները:
«Մի կողմից գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որն ընտրել է ոչ քաղաքական գործիքակազմ, ինչը մեզ համար խորթ է: Մյուս կողմից էլ գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որը կիրառում է ֆիզիկական ուժ, չի խորշում նման երևույթներից: Դրա հետևանքով տուժում է ավագանու ինստիտուտը, մեր գործունեությունը»,-հայտարարեց Խաժակյանը:
Նրա խոսքով, նիստի ընթացքում հասարակական կարգը խախտվել է երկուստեք՝ մի կողմից, ինչպես հետո պարզվեց, կոյուղաջրի ներս բերումը, մյուս կողմից՝ անհամաչափ, բիրտ ուժի կիրառումը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տարածած հայտարարության մեջ բացառապես մեղադրում է «Երկիր ծիրանի» խմբակցությանը:
Քննարկմանը մասնակցող իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանն ամենևին էլ խորթ չի համարում ընտրված գործիքակազամը:
«Ակցիան ուղղակի խնդիրը բարձրաձայնելու ու խնդրի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր: Ի վերջո, ցանկացած քաղաքացի իր խնդրի մասին կարող է բարձրաձայնել հանրային վայրում»,-ասաց նա:
Զ. Հովհաննիսյանի խոսքով, Նուբարաշենի բնակիչներն են խնդրել, որ կոյուղաջուրը բերեն քաղաքապետարանի շենք, քանի որ ավագանու անդամներից որևէ մեկը չի գնացել այնտեղ ծանոթանալու իրավիճակին:
Ինչ վերաբերում է բռնությանը, ապա Հովհաննիսյանի խոսքով, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի ՀԿ-ներ համարում են, որ երեկվա տեղի ունեցածն ուղղորդված գործողություն է կին քաղաքական գործչի նկատմամբ:
«Տեղի է ունեցել սեռական ոտնձգություն, երբ տղամարդիկ անվայել պահելով իրենց ձեռքերը երկարացրել են կնոջ կրծքերին, գոտկատեղին և փորձ են արել քանդել նրա վերնազգեստը, կնոջ նկատմամբ նաև ֆիզիկական բռնություն է տեղի ունեցել, ինչն իրենից հանրային նվաստացում է ներկայացնում: Եթե կնոջ փոխարեն տղամարդ լիներ, ապա նրան դուրս կհրավիրեն, կամ գոնե տասը հոգով չէին հարձակվի նրա վրա»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին
- ՀԿ-ն դատախազությանը կոչ է անում ավագանու նիստում տեղի ունեցածի վերաբերյալ թափանցիկ քննություն իրականացնել
- Կամո Արեյան. Ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր
- Ոստիկանությունը Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին ահազանգ չի ստացել
- Բժիշկները ցանկանում են զննել «Երկիր Ծիրանի»-ի անդամներին
- Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան