ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական հերթական նիստը հետաձգվեց: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը փետրվարի 14-ի նիստի սկզբում հայտնեց, որ պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը, Արա Ղարագյոզյանը և Դավիթ Գյուրջյանը չեն ներկայացել դատական նիստին:
Դատարանն ընդամենը երկու դիմում էր ստացել. Սեդրակ Նազարյանի և Էդուարդ Գրիգորյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը դատարանին տեղեկացրել էին, որ այս դատական նիստին չեն կարող մասնակցել, քանի որ նույն ժամին անհետաձգելի քննչական գործողությունների են մասնակցելու ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում, մեկ դիմում էլ դատարանը ստացել էր Արայիկ Խանոդյանի պաշտպան Արա Ղարագյոզյանից, ով դիմումով տեղեկացրել էր գործադուլ հայտարարելու մասին:
Դատարանն ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ ցանկանու՞մ են նիստը շարունակել առանց պաշտպանների: Վերջիններս հրաժարվեցին: Դատախազը միջնորդեց բացակայող պաշտպանների փոխարեն գործում ներգրավել հանրային պաշտպանների: Մակյանը նշեց, որ դատարանը չի ողջունում պաշտպանների՝ դատական նիստին չներկայանալը, նրանք կարող են անընդհատ տարբեր խնդիրների համար գործադուլ անել:
Մակյանը գործի քննությունը չշարունակեց, բայց խոստացավ միջոցներ ձեռնարկել՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ: Դատավորը հայտարարեց, որ Վարուժան Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Պավել Մանուկյանի, Էդուարդ Գրիգորյանի, Արայիկ Խանդոյանի համար հանրային պաշտպանների ներգրավման խնդրով Հանրային պաշտպանի գրասենյակին համապատասխան դիմում կուղղվի՝ հետագա դատական նիստերի բնականոն ընթացքը ապահովելու համար՝ հաշվի առնելով, որ պաշտպանների վարքագիծն անկանխատեսելի է:
Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 21-ը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով հերթական նիստը լարված էր
- Հայկ Ալումյանը պատրաստ է կրկին ստանձնել Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը
- ՊՊԾ գնդի գործով նիստին ներկա է մեկ ամբաստանյալ
- Մենք չունենք այն գործընթացը, որ պիտի տեղի ունենար. «Սասնա ծռերի» գործով պաշտպաններ
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա