Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից։ Այս մասին նա ասաց այսօր՝ լրագրողների հետ զրույցում։
«Իրավիճակի հետ ծանոթ չեմ, որովհետև երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում, ճիշտն ասած լրիվ ներգրավված էի։ Ամբողջությամբ այդ քաղաքի մեջ էի՝ իր դժվարություններով, ցավերով, պատմությամբ, հաջողություններով», - նշեց Արմեն Սարգսյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ Գյումրիում մի ծեր մարդ իր դժվարությունների մասին է պատմել իրեն և խնդրել դրանք հաղորդել երկրի ղեկավարին։
«Ես պատրաստվում եմ անել, իհարկե»,- նշեց ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածուն։
Այդուհանդերձ, նախագահի թեկնածուն ընդգծեց, որ ցանկացած բռնություն իր համար անընդունելի է։
«Ես իմ էությամբ մեկն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության՝ քննարկման տրամաբանության ուղղությամբ, ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ», - նշեց Արմեն Սարգսյանը։
Անդրադառնալով քաղհասարակության հետ առաջիկա հանդիպման թեմային՝ նա շեշտեց, որ լրջորեն կմտածի առաջարկի մասին՝ հանդիպմանը մասնակցել «Ելք»-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանի հետ միաժամանակ։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հետ իր հանդիպմանը, ապա Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այն տեղի է ունենալու մոտ օրերս։
«Իհարկե, հասկանում եք, որ հանդիպումը բաց չի լինելու։ Տվյալ դեպքում հանդիպումը լինելու է նաև աշխատանքային։ Այսինքն, լինելու են քննարկումներ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին ահազանգ չի ստացել
- Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում