Ֆիքսում ենք, հաջորդ տարի նորից ֆիքսում ենք ու ոչ մի բան չենք անում. վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր շրջակա միջավայրի մոնիթորինգին:
Վարչապետը նշեց, որ բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։
Միաժամանակ, ըստ Կարեն Կարապետյանի, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ։
Վարչապետը Բնապահպանության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումը ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ։ Ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից, բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։
«Բնապահպանության նախարարության հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք՝ կան համայնքներ, որտեղ տարեցտարի Բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: բայց դրանից հասկանալի չէ՝ համայնքապետը ի՞նչ պետք է անի և դա կրում է, չգիտեմ ինչ բովանդակություն: Այսինքն՝ ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարի նորից էլի ֆիքսում ենք: Այդ իսկ պատճառով, պարոն Մինասյան, հստակ ձևակերպում ենք», - դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին