Հատուկ դասընթաց՝ ԵՊԲՀ հնդիկ ուսանողների համար
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նորաբաց Կարիերայի կենտրոնի կողմից մեկնարկում են համալսարանի հնդիկ ուսանողների համար նախատեսված Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության (Foreign Medical Graduates Examination (FMGE) ) նախապատրաստական դասընթացները։ Փետրվարի 15-ին՝ ծրագրի մեկնարկին, Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Յոգեշվար Սանգվան շնորհակալություն հայտնեց նման ծրագրի իրականացման համար՝ նշելով, որ այն մեծ հնարավորություններ կբացի հնդիկ ուսանողների համար:
«Ինձ պարոն ռեկտորը տեղեկացրեց, որ այս բուհը ավարտած ուսանողները կարողանում են Հնդկաստանում քննություններ հանձնել, և այստեղի շրջանավարտների 80 տոկոսը կարողանում է լիցենզիա ստանալ: Այս ծրագիրը իրենց հնարավորություն կտա շատ ավելի լավ պատրաստվել և ավելի հաջող կերպով հանձնել քննությունը»,- ասաց նա: Դեսպանը կարծիք հայտնեց, որ ուսանողների հոսքն էլ ավելի կմեծանա, թեպետ հիմա էլ են գալիս շատերը, բայց սա ևս մեկ խթան կհանդիսանա, և ավելի շատ ուսանողներ կգան Հայաստան:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այս ծրագիրը եզակի չէ, նմանատիպ ծրագիր իրենք էլի են ունեցել. համալսարանում գործող կարիեր-կենտրոնն ավելի վաղ մշակել է ԱՄՆ-ում քննություն հանձնելու ծրագիրը, ռեկտորը տեղեկացրեց, որ ծրագրի մասնակիցների 89 տոկոսը կարողացան հաղթահարել այդ դժվարագույն շեմը:
«Նոյեմբեր ամսին, երբ մեր երկրի նախագահը հրավերով այցելեց Հնդկաստան, պատիվ եմ ունեցել լինել պատվիրակությունում, և երբ այնտեղ մեր շրջանավարտները շատ պարզ ներկայացրեցին այն խնդիրները, որոնց իրենց հետագա պրակտիկայում հանդիպում են, եղավ նախագահի հանձնարարականը՝ հատուկ ծրագիր մշակել մեր բուհում, որի շնորհիվ ավելի դյուրին, ավելի մատչելի կլինի հետագա այդ քննությունը հանձնելու համար: Անցել է 3 ամիս, այսօր ծրագիրը մեկնարկեց: Այն կազմակերպվելու է հիմնական դասերից հետո, ծրագրին մասնակցելու համար լինելու է մրցույթ, բավական բարդ պայմաններ են դրված, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ բոլոր պայմանները ստեղծված են, անգամ իրենց նվիրաբերել ենք այդ պլանշետները, որ իրենք ամբողջ նյութերը կարողանան իրենց ձեռքի տակ ունենալ»,- ասաց նա:
Մուրադյանը տեղեկացրեց, որ այսօր հիմնադրվեցին նաև հատուկ կրթաթոշակներ. առաջին տասնյակում գտնվող ուսանողները կստանան շուրջ 500 000-ի կրթաթոշակային հնարավորություն, որը նրանց վարձավճարի շուրջ 10 տոկոսն է, հետևաբար նաև՝ բավական լուրջ խթան է:
Մեկնաբանելով Կառավարության՝ այսօր կայացրած որոշումը, որով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը, Մուրադյանը նշեց, որ դա թույլ կտա ավելի մեծ կլինիկական հարթակներ ձևավորել, կեցության վայրեր, դասասենյակներ: Ռեկտորը վստահեցրեց՝ եթե FMGE-ի նման ծրագրերն իրենք արդեն իսկ ներդնում են այսօր, այսպիսի պայմաններում, ապա համոզված պետք է լինեն, որ արտասահմանցի ուսանողների թվաքանակը և կրթության արտահանման գործընթացը հաստատուն ճանապարհին է:
«Երբևէ բժշկական համալսարանում չի եղել 1800-ից ավել արտասահմանցի ուսանող՝ շուրջ 30 երկրներից: Ի դեպ, հնդկաստանցի մեր գործընկերները՝ մեր ուսանողները, կեսն էլ չեն կազմում, այսինքն՝ մենք ընդլայնվելու բավական մեծ ծավալներ ունենք, որի մասին այսօր նաև պարոն դեսպանի հետ ենք խոսել, նման ծրագրի առկայության դեպքում համոզված եմ՝ ավելի դյուրին, ավելի մատչելի կլինի հետագա նրանց քննության փորձությունն իրենց երկրում»,- ասաց նա: Մուրադյանը մասնավորեցրեց՝ ծրագրի շահառուներն ավագ կուրսերի ուսանողներն են, որովհետև նրանք փաստացի կրկնում են որոշակի առարկաներ, սակայն արդեն՝ տեղայնացրած, համապատասխանեցրած այն պահանջներին, որ դրվում են իրենց երկրում:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանի փոխնախագահը կարևորել է բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը
- Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները