Մարիա Զախարովան այսօր շատ ուղիղ, հստակ մեղադրանք հնչեցրեց Ադրբեջանի ղեկավարության հասցեին. Շարմազանով
«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր շատ ուղիղ, հստակ մեղադրանք հնչեցրեց Ադրբեջանի ղեկավարության հասցեին՝ նշելով, որ նմանատիպ հայտարարությունները չեն բխում խաղաղության շահերից և ավելի են լարում իրավիճակը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօր Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հայ լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն համարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր և այդ համատեքստում ինչպիսինն է դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանն ու Զանգեզուրը ադրբեջանական հողեր լինելու և դրանք հետ վերադարձնելու մասին» արված հայտարարությանը, նշել է՝ «լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ լարված են, իսկ Ալիևի արած վերջին հայտարարությունը լարվածությունը թուլացնելուն ակնհայտորեն չի նպաստում»։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սա դիվանագիտական լեզվով ուղիղ հասցեական մեղադրանք էր Ադրբեջանին. «Միշտ չէ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները կամ դրանց դիվանագիտական ներկայացուցիչները հստակ, հասցեական գնահատական են տալիս։ Զախարովայի գնահատականը ուղիղ մեղադրանք էր Ադրբեջանի ղեկավարությանը, որն օրեր առաջ խոսում էր ոչ թե բանակցային գործընթացը շարունակելու, այլ Երևանը, Զանգեզուրը նվաճելու նրանց նպատակի մասին»։
Այսպիսով, ըստ ԱԺ փոխնախագահի, Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը բխում է տարածաշրջանային խաղաղության շահերից և չի բխում Ադրբեջանի ղեկավարության նացիստական նպատականերից. «Առայժմ ՌԴ-ի այս գնահատականը մնում է միակ հասցեական գնահատականը Ադրբեջանի նախագահի հայատյաց և ֆաշիստական հայտարարությանը։ Հուսով եմ, որ Զախարովայի գնահատականը վարակիչ կլինի միջազգային այլ գործընկերների համար, և նրանք կունենան քաղաքական խիզախություն իրերն իրենց անուններով կոչելու՝ առնվազն այն բառապաշարով, ինչ արտահայտել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը»։
Եզրափակելով խոսքը՝ Շարմազանովը նշեց, որ սա շատ կարևոր մեսիջ է՝ պաշտոնական Մոսկվան չի խրախուսում, այլ դատապարտում, մեղադրում է Ադրբեջանի ղեկավարին այս հայտարարությունների համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան