Փհենչհան-2018. Կատյա Գալստյանը զբաղեցրել է 72-րդ տեղը
Դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում այսօր իր մեկնարկն է ունեցել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Կատյա Գալստյանը: Նա ցույց է տվել 30:25.1 արդյունք և ինչպես Միքայել Միքայելյանը, զբաղեցրել է 72-րդ տեղը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:
Կանանց մրցումներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 90 դահուկորդ, այդ թվում՝ աշխարհի բազմակի չեմպիոններ տարբեր երկրներից: Կատյան մրցումից հետո բարձր տրամադրություն է ունեցել և բավարար է համարել իր արդյունքը:
Մեկնարկում Գալստյանը բավականին լավ րոպեներ է ցույց տվել, բայց մրցատարածության երկրորդ հատվածում զիջել է դիրքերը և ի վերջո զբաղեցրել է 72-րդ տեղը.
«Շատ լավ հասկանում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու: Բայց ես էլ իմ առաջադրանքն ունեի՝ հնարավորինս լավ րոպեներ ցույց տալ: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ-ոքի չի ուրախացնի: Բայց պատկերացրեք, որ ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ, մի շարք ուժեղ մրցակիցների էլ շատ քիչ եմ պարտվել: Այնպես որ, իրական գնահատական տալով ելույթիս՝ այն համարում եմ բավարար»,- նշել է Կատյա Գալստյանը:
Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանն էլ համամիտ է իր սանի հետ.
«Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր լսում են 72-րդ տեղի մասին, արդեն մտածում են, որ մեր մարզիկը շատ թույլ է: Ես կասեի՝ մրցակիցներն են պարզապես շատ ուժեղ: Կատյան գուցե կարող էր ավելի բարձր տեղ գրավել, բայց ունեցած մարզավիճակում նա արեց առավելագույնը: Այնպես որ, ես էլ Գալստյանի ելույթը գնահատում եմ բավարար»:
Այսպիսով, մեր երեք մարզիկներից մեկը ավարտել է ելույթները Փհենչհանում:
Վաղը վերջին մրցելույթն է ունենալու Միքայել Միքայելյանը: Նա կմրցի տղամարդկանց ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում, իսկ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հանդես կգա փետրվարի 22-ին:
Ի դեպ, այսօր կանանց 10 կմ ազատ ոճով մրցման ժամանակ երկու մարզուհիներ ցույց են տվել բացարձակ նույն արդյունքը և կստանան իրենց մեդալը: Աշխարհի չեմպիոն, նորվեգուհի Մարիտ Բյորգենը և ֆինն Քրիստա Պարմակոսին դարձել են բրոնզե մեդալակիրներ, արծաթը բաժին է հասել շվեդուհի Շառլոտ Կալլային, իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է նորվեգուհի Ռագնիլ Հագան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան